ԱՄՆ իշխանությունները հրաժարվում են հաստատել այն տեղեկությունները, որ Սիրիայի ապստամբները ամերիկյան «Սթինգեր» արտադրության շարժական զենիթահրթիռային համալիրներ ունեն:
«Ես չեմ կարող դա հաստատել»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք ԱՄՆ իշխանությունները համաձա՞յն են ռուսական կողմի հայտարարություններին առ այն, որ Սիրիան վերածվում է ծայրահեղական խմբավորումների հարթակի, դիվանագետը վստահ պատասխանել է. «Այո, իհարկե, դա փաստ է, որը մեզ անհանգստության տեղիք է տալիս»:
«Մենք արդեն շատ շաբաթներ և ամիսներ խոսում ենք այն մասին, որ չափազանց կարևոր է, որպեսզի բոլորը, ովքեր աջակցում են Սիրիայի ընդդիմությանը, հստակ հասկանան՝ կոնկրետ ում են իրենք աջակցում»,- ասել է Նուլանդը:








































