Երեկ «Հրապարակ»-ը տեղեկություն ստացավ, որ գործարար, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկը` Աշոտ Սուքիասյանը, Աֆրիկայի Սիեռա Լեոնեի Հանրապետությունում ձերբակալվել է և մոտ 10 ժամ հարցաքննվել տեղի ոստիկանությունում: Հիշեցնենք, որ նա և գործարար Փայլակ Հայրապետյանը կոնֆլիկտ ունեն: Ամիսներ առաջ Հայրապետյանը գրավադրել էր գրեթե ողջ ունեցվածքը, որի դիմաց Սուքիասյանը բանկից 12 միլիոն դոլար գումար էր վերցրել` իբր Սիեռա Լեոնեում գտնվող իր ալմաստի հանքերը շահագործելու և այդ հումքը Հայաստան բերելու համար: Փայլակ Հայրապետյանը, ով նույնպես այս պահին Աֆրիկայում է, թերթի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: Ավելին, նա ասաց, որ Սուքիասյանը ձերբակալվել է իր` Սիեռա Լեոնեի Հանրապետության դատախազությանը գրած դիմումի հիման վրա: «Պարզապես այդ գումարները, որ «Ամերիա» բանկից ստացել է Աշոտ Սուքիասյանը, ըստ բոլոր փաստաթղթերի, բիզնես-պլանի, այդ փողերը պետք է ներդրվեին Սիեռա Լեոնեում: Ես դիմում եմ գրել տեղի դատախազությանը, ոստիկանությանը, որպեսզի նրանք պարզեն, թե ուր են գնացել այդ փողերը, որոնք պետք է ներդրվեին իրենց հանրապետությունում: Հիմա ոստիկանությունն ուզում է պարզել, թե այդ գումարները ուր են գնացել և ինչի վրա են ծախսվել»,- «Հրապարակ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Հայրապետյանը: Նրա խոսքով, այդ գումարներով Սիեռա Լեոնեում մոտ հազար աշխատատեղ պետք է բացվեր:
Հիշեցնենք, որ մեր ոստիկանությունը ևս զբաղվում էր Աշոտ Սուքիասյանով: Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով բաժնում հուլիս ամսին քրեական գործ է հարուցվել Քրօր. 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` առանձնապես խոշոր չափերի խարդախություն: Գործի հարուցումից հետո Սուքիասյանն ընդամենը մեկ անգամ էր ներկայացել հարցաքննության, որից հետո ընդհատակ էր անցել, ապա մեկնել Աֆրիկա` կարգի բերելու իր գործերը: Սուքիասյանին, սակայն, մեր ոստիկանությունում այդպես էլ մեղադրանք չառաջադրվեց: Երեկ թերթը ոստիկանությունից պարզեց, որիրենք տեղյակ չեն Սուքիասյանի ձերբակալությունից: Իսկ Հայաստանում քննվող գործի մասին ընդամենը տեղեկացրին, որ նախաքննությունը շարունակվում է: «Մեր երկրում մեր իրավապահները չուզեցին օգնել ինձ, իսկ հիմա օտար երկրում հարցը կարծես թե լուծում է ստանում, գոնե առաջընթաց կա»,- դժգոհեց գործարարը:









































