Այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանը կրկին վերսկսեց «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը, և օդանավակայանում սպասող ուղևորները վերջապես մեկնեցին:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը, ժամը 15:00-ին մոտ 40 միլիոն դրամ փոխանցումից հետո «Արմավիան» ևս 45 մլն դրամ է փոխանցել և խոստացել է, որ վաղը մոտ 3 միլիոն 114 հազար դոլար պարտքը կնվազեցնի մինչև 3 մլն դոլար:
Գ. Աբրահամյանը նշեց, որ վաղը օդանավերի սպասարկման հարցը կախված է նրանից, թե արդյոք «Արմավիա»-ն կկատարի իր խոստումը, թե՝ ոչ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 11:00-ից «Արմավիա»-ի օդանավերի սպասարկումը դադարեցվել էր, քանի որ ավիաընկերությունը փոխանցում չէր արել: Դրա պատճառով օդանավակայանում 100-ից ավելի ուղևորներ մի քանի ժամ շարունակ սպասել են թռիչքի:
Նկատենք, որ «Արմավիա»-«Զվարթնոց» այս հակամարտությունը սկսվել էր գարնանը, ապա մոտ մեկ ամիս առաջ կրկնվեց ու հիմա արդեն երրորդ օրն է՝ սրվել է: Բոլորովին չի բացառվում, որ Միշա Բաղդասարովի ընկերությունը, որը դրված է վաճառքի և որի՝ ազգային ավիափոխադրողի լիցենզիայի ժամկետն ավարտվում է հաջորդ տարի, վաղը կրկին չկատարի իր ֆինանսական պարտավորությունները և կրկին ազգային ավիափոխադրողի վրա հույս դրած ուղևորները ստիպված լինեն սպասման ժամեր անցկացնել օդանավակայանում:










































