Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում պետք է սկսվեր Երևանի Խորենացու և Զաքյան փողոցների հատույթի հարևանությամբ գտնվող Մանկական այգում 2012 թվականի մարտի 7-ի կեսգիշերին կատարված հարձակման վերաբերյալ քրեական գործի դատավարությունը:
Ամբաստանյալները երեքն են՝ 31-ամյա Մամիկոն Խաչատրյանը, Արման Գևորգյանը և 28-ամյա Մարտին Վարդանյանը: Մամիկոն Խաչատրյանը, ըստ գործում առկա տվյալների՝ նախկինում դատապարտված է եղել, մշտական բնակության վայր չունի:
Ըստ մեղադրանքի՝ հիշյալ երեք երիտասարդները նախնական համաձայնության են եկել, խումբ կազմել և Մանկական այգում կեսգիշերային հարձակում իրականացրել մարտի 8-ի նախօրեին: Եռյակը հարձակվել է Վահագն Պողոսյանի վրա, ոտքերով և ձեռքերով ծեծի ենթարկել տուժողին՝ նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն կիրառելով: Բռնության արդյունքում տուժողի առողջությանը պատճառել են թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Հարձակվողները Պողոսյանից հափշտակել են 15 հազար դրամ արժողությամբ կաշվե բաճկոնը և 10 հազար դրամ արժողությամբ բջջային հեռախոսը, ինչպես նաև անձնագիրն ու բանկային քարտը:
Նախաքննության սկզբում երեք երիտասարդները մեղադրվել են կողոպուտ կատարելու համար: Իսկ նախաքննության ավարտին մեղադրանքը փոփոխվել է, մեղադրյալների արարքն այլ որակում է ստացել: Այժմ նրանք մեղադրվում են ավելի ծանր հանցանք՝ ավազակային հարձակում կատարելու համար:
Այսօր դատավարությունը չսկսվեց՝ պաշտպաններից մեկի բացակայության պատճառով:
Այս գործով ամբաստանյալներից մեկը՝ Մարտին Վարդանյանը, սահմանափակ մեղսունակ է ճանաչված: Բայց նրա նկատմամբ, միևնույնն է, խափանման միջոցը կալանքն է ընտրված: Ամբաստանյալի առողջական վիճակի մասին հետաքրքրվեցի նրա հարազատներից: Մարտին Վարդանյանի մայրը, որ դատավարությանը ներկայացած միակ մայրն էր, շատ մտահոգված էր որդու վիճակով:
Նա պատմեց, որ Մարտինը զինվորական ծառայության ժամանակ է գլխուղեղային վնասվածք ստացել ու հիվանդացել: Հասցրել է ծառայել հինգ ամիս: Նախաքննության ընթացքում Մարտինը, ճիշտ է, իրեն մեղավոր է ճանաչել, սակայն մայրը համոզված է, որ որդին միայն կռվին է մասնակցել, նա ոչինչ չէր կարող հափշտակել:
«Իմ տղան գող չէ, կյանքում մի ծեղ գողացած չկա: Անհայր մեծացած, աշխատող տղա է: Մինչև դեպքը աշխատում էր շինարարությունում, նաև պահակություն էր անում նույն տեղում, եթե գող լիներ, նրան չէին վստահի պահակության պատասխանատու գործը: Աշխատավայրից դրական բնութագիր ունի: Նախկինում չի դատապարտվել, ընդհանրապես հանցանք գործելուց հեռու, ազնիվ տղա է: Ես չեմ հավատում, որ էդ հափշտակված բջջային հեռախոսը նրա գրպանից են հանել»:
Մայրը դժգոհ էր, որ կողոպուտի մեղադրանքը փոփոխվել էր, առաջադրվել ավելի ծանր ու, իր կարծիքով՝ անհիմն մեղադրանք՝ ավազակային հարձակում: Նա ասաց, որ կալանավայրում Մարտինը ինքնավնասում էր կատարել, ու նրա կրծքավանդակին՝ սրտի շրջանում «յոթ կար են տվել»:
Մարտին Վարդանյանի շահերի պաշտպանը նոր է ներգրավվել: Նա ասաց, թե իր պաշտպանյալի հետ դեռ պիտի ճշտի պաշտպանության մարտավարությունը: Այնուամենայնիվ, պաշտպանը ևս ընդգծեց, որ իր պաշտպանյալը «հիվանդ տղա է»:








































