Մարքսիստական կուսակցության պլենումը որոշում է կայացրել, որ կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը չպետք է մասնակցի մեծամասնական ընտրակարգով Ավանի թիվ 1 ընտրատարածքում անցկացվելիք լրացուցիչ ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:
Նա պարզաբանեց, որ կուսակցությունը աննպատակահարմար գտավ իր մասնակցությունն այդ ընտրություններին: Ըստ նրա՝ ժողովուրդը իշխանություն է վաճառում, գործամոլները քաղաքական իշխանություն են առնում:
«Հիշեցնեմ, որ Ալեքսանդր Մեծի ուսուցիչ Արիստոտելն առաջարկեց նրան մասնակցել Օլիմպիական խաղերի հնգամարտին` մեծ կարողությունների համար: Նա իր ուսուցչին հարցրեց՝ արդյոք արքաները մասնակցո՞ւմ են Օլիմպիադայի, ուսուցիչը պատասխանեց` նրանք անելիք չունեն: Ես թիվ մեկ ընտրատարածքում գաղափարական պայքարի արենա չեմ տեսնում»,- հստակեցրեց բանախոսը: Նա հավելեց, որ այդ ընտրատարածքը տալիս է Պարոն Պարոնին` «սօ սվոեյ կոմպաշկոյ»:
Անդրադառնալով Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից մեկի խոսքին, թե ՀՀ գործող նախագահը մրցակից չունի, և պայքարը գնալու է երկրորդ տեղի համար՝ ասաց. «Արքունի թութակն ասել էր, թե ներկա նախագահը՝ Սերժ Ազատիչը, ընտրություններում մրցակից չունի, պարտադիր կվերարտադրվի, գահի վրա վիկինգների դինաստիայի գործընթացները կգնան պատվավոր տեղի համար: Արքունի թութակին հորդորեմ՝ Աստծուց առաջ չընկնել: Աստված երբեմն հանդուգններին չարաչար պատիժներ է շնորհում:
Երկրորդը՝ հիշեցնեմ թութակին, որ նախագահական մարաթոնը սպորտային մրցասպարեզ չէ, որ առաջին-երկրորդ տեղեր բաշխենք. նախագահական մարաթոնը մի ստեղծագործական պրոցես է, որտեղ մասնակիցները պետք է ցույց տան իրենց ողջ կարողությունները, ցույց տան, թե կարող են գահին բազմելուց հետո լինել նոր գաղափարախոսության ստրատեգը: Արդյոք կարո՞ղ են այդ մարդիկ լինել ազգի ուսուցիչը, առաքյալը, ազգի հայրն ու առաջնորդը, բարոյահոգեբանական խորհրդանիշը:
Այնպես որ` գահը հափշտակել, ընչաքաղցության մոլուցքով կառավարել չի նշանակում նախագահ»,- մեկնաբանեց Դավիթ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահություն էր հայտնել, որ 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու է գործող նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Հիմնական ֆավորիտը Սերժ Սարգսյանն է, պայքարը գնալու է պատվավոր երկրորդ տեղի համար»,-հայտարարել էր նա:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































