Այսօր առավոտյան ժամը 11:00-ից «Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության թռիչքների սպասարկումը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
«Ակնկալում էինք, որ առավոտյան պարտքի որոշակի նվազեցում կլիներ, ինչը չեն արել: «Արմավիա»-ի օդանավերի սպասարկումը կվերսկսվի այն ժամանակ, երբ «Արմավիան» որոշակիորեն կնվազեցնի պարտքը»,- ասաց Գ. Աբրահամյանը՝ չնշելով, թե ինչքան գումար պետք է «Արմավիան» փոխանցի, որպեսզի թռիչքների սպասարկումը վերսկսվի:
Հիշեցնենք, որ երեկ «Արմավիան» 3 մլն 360 հազ. դոլար կուտակված պարտքից փոխանցել էր 90 միլիոն դրամ: Ներկայումս պարտքը շարունակում է մնալ 3 մլն դոլարից ավելի:






































