Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց Ազգային Ժողովի պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի և Վահան Հովհաննիսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած Ընտրական օրենսգրքում և «Ազգային ժողովի կանոնակարգ» ու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթին:
Ըստ այդմ՝ դաշնակցական պատգամավորներն առաջարկում էին ԱԺ ընտրությունները 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացնել: Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ որևէ համակարգի միանշանակ ընտրությունն ինքնին կապ չունի ընտրական գործընթացի արդյունավետության հետ:
«Հայաստանի Հանրապետությունում մեծամասնական ընտրակարգի լրացուցիչ առկայությունը համամասնականին զուգահեռ հանդիսանում է այն երաշխիքը, որն ապահովում է կոնկրետ պատգամավորի կողմից բնակչության որոշակի հատվածի շահերը ներկայացնելու հնարավորությունը: Ակնհայտ է նաև, որ պառլամենտական մեծամասնություն կարող է ձևավորվել միայն համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից, քանի որ վերջիններիս թիվը խորհրդարանում զգալիորեն գերակայում է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների թվին:
Մեծամասնական ընտրակարգի առկայությունն ինքնին որևէ կերպ չի կարող անդրադառնալ ընտրական գործընթացի, այդ թվում` ընտրվելու իրավունքի արդյունավետ իրականացման վրա: Ընդհակառակը` այս համակարգը հնարավորություն է ընձեռում ընտրողների այն զանգվածին, որոնք չեն ցանկանում իրենց ձայնը տալ որևէ կուսակցության կամ կուսակցական դաշինքի, որոշելու իրենց կողմից նախընտրած թեկնածուին` կուսակցություններից դուրս»,- ասաց փոխնախարարը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































