«Առաջին լրատվական»-ի՝ «Հանթսմանը մեկնաբանել է Օսկանյանի գործը» հրապարակման հետ կապված` «Սիվիլիթաս» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Որոշ լրատվամիջոցներում լուր է տարածվել, թե «Սիվիլիթաս» հիմնադրամը կանոնադրական նպատակների իրականացման համար բարեգործ Ջոն Հանթսմանի հատկացրած գումարների վերաբերյալ Հանթսմաններից ստացած մեկնաբանությունը իբր թաքցնում է: Հանթսմանների կողմից ստացված, նրանց ցանկությունը վերահաստատող նամակը հրապարակվել է դեռ հոկտեմբերի 1-ին, բաժանվել է Ազգային ժողովում՝ ինչպես պատգամավորներին, այնպես էլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, տրամադրվել է Գլխավոր դատախազությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը»:
Նշենք, սակայն, որ խոսքը հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում հրապարակված նամակին չի վերաբերում: Եվ «Առաջին լրատվական»-ը իր հրապարակման մեջ չի նշել, թե «Սիվիլիթաս» հիմնադրամը կանոնադրական նպատակների իրականացման համար «բարեգործ Ջոն Հանթսմանի հատկացրած գումարների վերաբերյալ Հանթսմաններից ստացած մեկնաբանությունն» է թաքցնում, ինչպես նշված է տարածված հաղորդագրության մեջ: Մեր հրապարակման մեջ խոսքը այլ մեկնաբանության մասին է, որն արվել է հոկտեմբերի 1-ից հետո. այն, որ Ջ. Հանթսմանը ընդհանրապես Վ. Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հետ կապված մեկնաբանություն է փոխանցել «Սիվիլիթաս» հիմնադրամի գրասենյակ:
Իսկ ինչ վերաբերում է հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում հրապարակված և պատգամավորներին ու լրագրողներին բաժանված այդ նամակին, ապա «Առաջին լրատվական»-ը նույն օրն է անդրադարձել այդ գրությանը և այն օգտագործել տարբեր նյութերում: Ի դեպ, այդ նամակը Հանթսմանի գրասենյակից «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանին են ուղարկել սեպտեմբերի 21-ին: Նորից հիշեցնենք, որ Վ. Օսկանյանը վերջերս հայտարարել էր, թե իր գործի հետ կապված Հանթսմանի մեկնաբանությունը կոշտ է լինելու: Իսկ երեկ Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էր հայտարարել, թե «Հանթսմանների խոսելը կլինի ամպրոպի նման և շատ հետաքրքիր հետևանքներ կունենա որոշ մարդկանց համար»:
Խոսքը վերաբերում է այդ հայտարարությանը: «Առաջին լրատվական»-ը Հանթսմանի գրասենյակից տեղեկացել է, որ այդ մեկնաբանությունը փոխանցվել է «Սիվիլիթաս»-ին, և միգուցե հիմնադրամը հարմար չի գտնում այն հրապարակել:








































