Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Իգդիրի նահանգի Քարաքոյունլու շրջանի Բուլաքբաշը գյուղում (գտնվում է Իգդիրից 21 կիլոմետր հեռավորության վրա) առևանգել են 6 ուսուցչի:
Նշվում է, որ երկու զինված PKK-ական մուտք են գործել դպրոց և առևանգել են 19 ուսուցիչներից 6-ին: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12.00-ին: Քուրդ զինյալներն ուսուցիչներին տարել են Արարատ լեռան ուղղությամբ, սակայն մեկ ժամ հետո նրանց բաց են թողել:
Իսկ թուրքական անվտանգության ուժերին այսօր հաջողվել է Հաքքարի նահանգի Յուքսեքօվա շրջանում հայտնաբերել և առգրավել 400 կիլոգրամ պայթուցիկ և 5 հրացան: Թուրքական կողմի պնդմամբ՝ այն պատկանում է PKK-ին և հայտնաբերվել է տվյալ շրջանի 7 տարբեր վայրերում:









































