Չնայած փամփուշտների կամ ռումբերի տարափի տակ հայտնվելու ռիսկին` ավելի քան 400 կանայք և երեխաներ ժամեր շարունակ վազել են գիշերային անապատով՝ հասնելու Հորդանանի հետ սահմանին տեղակայված փախստականների ճամբար: Այս մասին Independent-ում գրում է բրիտանացի լեյբորիստ խորհրդարանական Դուգլաս Ալեքսանդերը՝ արտաքին գործերի ստվերային նախարարը: Զաատարի ճամբարում, որտեղ նա օրերս է եղել, ապաստանել են 30 հազար սիրիացի փախստականներ, ընդ որում` կեսից ավելին՝ երեխաներ, շատերը՝ առանց ծնողների ուղեկցության:
Պատգամավորը գրում է, որ դիվանագիտությունը ոչինչ չի ձեռնարկում այդ երեխաների համար, միևնույն ժամանակ հակամարտությունը տարածաշրջանային ուրվագծեր է ստանում:
Ալեքսանդերը խորհուրդ է տալիս ընդլայնել դոնոր երկրների կողմից մարդասիրական օգնության ծավալները, կենտրոնանալ մասնատված սիրիական ընդդիմության վրա:
Այդ ծրագիրը պետք է առաջարկվի Ռուսաստանին և Չինաստանին: «Նույնիսկ Պուտինը պետք է հիմա կասկածի Ասադի ռեժիմի երկարաժամկետ ուժին»,- կարծում է հեղինակը: Նա Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին և Ֆրանսիային կոչ է անում վերսկսել ուղիղ երկխոսությունը Մոսկվայի հետ:











































