Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Ռաֆիկ Մարկոսյանի գործի դատաքննությունը: Մարկոսյանը մեղադրվում է թրաֆիքինգի համար:
Ըստ նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքի՝ Մարկոսյանը, նախնական համաձայնության գալով իր հետ սիրային կապի մեջ գտնվող Քրիստինե Ներսիսյանի հետ, 18 տարին չլրացած երկու աղջիկների՝ Աստղիկին ու Էլենին սեռական շահագործման ենթարկելու նպատակով փորձել է հավաքագրել նրանց ու տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն: Էլենը չի համաձայնել, իսկ Աստղիկը, հավատալով, թե Ռաֆիկ Մարկոսյանն իր հետ ամուսնանալու, ընտանիք է կազմելու, տվել է համաձայնությունն ու մեկնել Ռուսաստան:
Ռաֆիկի ու Աստղիկի հետ մեկնել է նաև Քրիստինեն, որին Ռաֆիկը ներկայացրել է որպես իր մորաքրոջ աղջկա: 2011 թվականի հուլիսի 12-ից 28-ը Ռաֆիկն ու Քրիստինեն Աստղիկին պահել են ՌԴ Մինվոդի քաղաքի մոտ գտնվող գյուղում: Աստղիկին ծեծել են, ստիպել, որ մարմնավաճառությամբ զբաղվի, սակայն աղջիկը հրաժարվել է: Նա ստիպողաբար կատարել է հողագործական աշխատանքներ, մինչև որ կարողացել է հեռանալ իրեն շահագործողներից ու վերադառնալ Հայաստան:
Ներկայումս գործը ապացույցների հետազոտման փուլում է: Հարցաքննվում են վկաները: Այսօրվա նիստը, սակայն, չկայացավ նախագահող դատավոր Ա. Ազարյանի հիվանդության պատճառով:
Մեր զրույցի ժամանակ Ռաֆիկ Մարկոսյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Թովմասյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, իրեն մեղավոր չի ճանաչում: Պաշտպանական կողմի տեսակետով՝ այս գործում ընդհանրապես թրաֆիքինգի հանցվադեպ չկա:
23-ամյա Ռաֆիկ Մարկոսյանը 16 տարեկան Աստղիկի հետ, վերջինիս համաձայնությամբ, ծանոթացել ու հանդիպել է Հայաստանում, միասին մեկնել են Սևան, իսկ երբ այդ մասին իմացել են Աստղիկի ծնողները, Ռաֆիկը համաձայնել է ամուսնանալ աղջկա հետ ու մեկնել Ռուսաստան, որտեղ գտնվում էին իր ծնողները: Աստղիկի ընկերուհու՝ Էլենի հետ նա մեկ զրույց էր ունեցել, որի ժամանակ առաջարկել էր, որ Էլենն էլ իրենց հետ մեկնի, բայց Էլենը հրաժարվել էր:
Ռաֆիկի հետ Աստղիկի Ռուսաստան մեկնելու մասին իմացել ու իրենց համաձայնությունն են տվել, ինչպես նաև նյութական աջակցությունն են ցուցաբերել անչափահաս աղջկա ծնողները:
Այնուամենայնիվ, նորապսակ զույգը Ռուսաստան էր մեկնել Քրիստինեի հետ: Ռաֆիկի ծնողների մոտ գնալու փոխարեն էլ մեկնել էին Մինվոդի:
Ըստ Մարկոսյանի շահերի պաշտպանի՝ Մինվոդիի մոտ գտնվող գյուղում, մի հայի առաջարկած պայմաններին համաձայնելով՝ երեքն էլ պարտավորվել էին աշխատել հողամասում և սոխի մշակությամբ զբաղվել: Պաշտպանը ենթադրում է, որ Ռուսաստանում գեղեցիկ կյանքով ապրելու՝աղջկա սպասելիքները չէին արդարացել, նա հիասթափվել էր ու իր ծանոթներից մեկի հետ հեռախոսային կապ հաստատելով՝ գումար էր ստացել ու վերադարձել Հայաստան:
Պաշտպանական կողմը այս գործի քննության շրջանակներում մեկնել է Ռուսաստան, զրուցել գործով վկաների՝ հարևանների հետ ու, իր հավաստիացմամբ, դատարանում ներկայացնելու հետաքրքիր փաստեր ունի, որոնք ապացուցելու են թրաֆիքինգի հանցադեպի բացակայությունը:
Այս գործով ամբաստանյալ է նաև Քրիստինե Ներսիսյանը, որը ավելի շուտ է բռնվել ու մեղադրվում է նույն տուժողների նկատմամբ Ռաֆիկ Մարկոսյանի հետ նախնական համաձայնությամբ կատարած թրաֆիքինգի համար: Քրիստինեի գործի դատական քննությունը կատարվել է նույն՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, նույն դատավորի՝ Ա. Ազարյանի նախագահությամբ: Ըստ արդեն կայացված դատավճռի՝ Ներսիսյանը Էլենի մասով արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ, իսկ Աստղիկի մասով մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 11 տարի ազատազրկման: Դատավճիռը բողոքարկել են մեղադրողը և ամբաստանյալը: Մեղադրողը միջնորդում է Էլենի մասով ևս մեղավոր ճանաչել Ներսիսյանին, իսկ Ներսիսիյանի կարծիքով՝ ինքն ընդհանրապես մեղք չի գործել ու պետք է արդարացվի:
Կազդի, արդյոք, Ներսիսյանի գործի արդեն կայացված ու հիմա բողոքարկման փուլում գտնվող դատավճիռը Մարկոսյանի՝ նոր դատաքննվող գործի հանգուցալուծման վրա կամ կլինի հակառակը, ցույց կտան երկու գործերի քննության ընթացքն ու ավարտը դատական տարբեր ատյաններում:
Մարկոսյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին:









































