ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել «Էրեբունի Երևան» տոնին, որին մասնակցում էր Սերժ Սարգսյանն ու քաղաքական էլիտան: Փոխարենը մասնակցել է Աբովյան քաղաքի տոնին. նույն օրը Աբովյան քաղաքը նշում է իր տոնը: Աբովյանի տոնին չի մասնակցել Կոտայքի Հանրապետական մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Հայտնի է նաև, որ Աբովյանի քաղաքապետը, ով կազմակերպել էր տոնը, Գագիկ Ծառուկյանի փեսան է:
Կոտայքի մարզպետից հետաքրքրվեցինք, թե ինչու չի մասնակցել: «Ես արձակուրդի մեջ էի, անձնական խնդիրներով մեկնել էի արտերկիր, այդ գիշեր եմ վերադարձել հանրապետություն, բնականաբար և դժբախտաբար, Երևան քաղաքի տոնին էլ չեմ մասնակցել, Աբովյանի տոնին էլ չէի կարող մասնակցել»,- մեր հարցին ի պատասխան ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Հետաքրքրվեցինք, թե Աբովյանի քաղաքապետի հետ հարաբերություններն ինչպե՞ս են: «Ես Կոտայքի մարզպետն եմ, Աբովյանը Կոտայքի համայնքներից է: Նորմալ աշխատանքային փոխհարաբերություններ կան»,- պատասխանեց Շահգալդյանը:
Վերջին շրջանում իշխանության օղակներում շատ է շրջանառվում «ատկատների» թեման, քրգործեր են հարուցվում: Մարզպետից հետաքրքրվեցինք, թե մտավախություն չունի՞, որ իրենց մարզպետարանում էլ կարող են ինչ-որ բաներ գտնել, հատկապես հաշվի առնելով, որ իր տեղակալը ձերբակալվեց մի քանի ամիս առաջ, նաև տարբեր խոսակցություններ կային մարզպետարանի հետ կապված:
«Էդ խոսակցությունները անընդհատ 12 տարի շարունակվում են և մի դիպվածով` տեղակալի, չի կարելի ընդհանրացնել և Կոտայքի մարզպետարանի կամ որևէ այլ կառույցի մասին կարծիք կազմել: Եթե քրեական գործ կհարուցվի, թող հարուցվի: Ովքեր որ սխալվել են, բնականաբար պիտի պատժվեն: Կարծում եմ` Կոտայքի մարզպետարանը էտ «ատկատների» հարցում բացառություն ունի, մեր մոտ չկան այդպիսի երևույթներ»: Հարցրինք` բացառո՞ւմ եք, որ Ձեր մարզպետարանում հնարավոր է ինչ-որ բան գտնել: «Չէ՛, ինչ-որ բան կարելի է գտնել, ով ա բացառում»,- հակադարձեց մարզպետը` շարունակելով. «Ոչինչ չի կարելի բացառել, բայց էդ չի նշանակում, որ հանցագործության աստիճանի կլինի կամ կազմակերպված հանցագործություն: Կարող է մի բան էլ թյուրիմացություն լինի, կարող է մեխանիկական սխալ լինի: Ոչ մեկը իրան թող վեր չդասի ամեն ինչից: Ոչինչ բացառել չի կարելի»:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում ԲՀԿ-ականների դեմ քրեական գործեր հարուցելուն, ապա Կովալենկո Շահգալդյանը հայտարարեց. «Կոտայքի մարզպետի տեղակալը Հանրապետական կուսակցության անդամ էր, ձերբակալեցին կաշառք վերցնելու համար, չեմ տեսել` ԲՀԿ-ականի ձերբակալեն»: ԲՀԿ-ական նախկին նախարար Վարդան Վարդանյանին հարցաքննելու առթիվ հարցին մարզպետը հրաժարվեց պատասխանել. «Եթե քրեական գործի նյութերին ծանոթ լինեի, էտ պարագայում կպատասխանեի: Ես չեմ կարող եզրակացություններ անել»:









































