ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն, որը համակարգում է նրա գործունեությունը համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում, երեքշաբթի գործարկել է ինտերնետ-կայք, որում ծաղրում է հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի հարկային ծրագիրը:
Մասնավորապես, կայքում տեղադրված է հետևյալ գրառումը. «Մանրամասն տեղեկություն ստանալու համար այն մասին, թե ինչպես է Ռոմնիի և Ռայանի թիմը պատրաստվում կրճատել հարկերը 5 տրլն դոլարով՝ չբարձրացնելով հարկերը միջին խավի համար և չավելացնելով բյուջեի դեֆիցիտը, սեղմեք կոճակը»:
Սակայն երբ ինտերնետ-օգտատերերը փորձում են սեղմել, կուրսորը «փախչում է»: Նման «կատակը» նպատակ ունի ցույց տալու, որ Ռոմնին խուսափում է իր հարկային ծրագիրը պարզաբանելուց, իսկ տնտեսական խնդիրները լուծելու նրա խոստումները սին են: Դեմոկրատները պնդում են, որ հաղթելով ընտրություններում՝ Ռոմնին պատրաստվում է բնակչության առավել ունևոր խավերին հարկային արտոնություններ տալ, որոնք կարող են բյուջեին արժենալ 5 տրլն դոլար: Դա իր հերթին անխուսափելիորեն կհանգեցնի միջին խավի համար հարկային բեռի ավելացմանը:








































