Արևմտյան Ավստրալիայում համացանցում հրապարակվել են այն մարդկանց տվյալները, որոնք ավելի վաղ ունեցել են դատվածություն անչափահասների նկատմամբ ոտնձգություն կատարելու պատճառով: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, առաջին փուլում հրապարակվել են 9 մարդու տվյալներ՝ անուններ, լուսանկարներ, որոնց գտնվելու մասին ոստիկանությանը ոչինչ հայտնի չէ:
Նոր ծառայության միջոցով ծնողները կարող են պարզել՝ իրենց շրջակայքում չի՞ ապրում արդյոք մանկապղծության համար դատապարտված անձ: Եթե այդպիսիք կան, ապա օգտատերերին ցույց կտան մանկապիղծների լուսանկարները ու այլ դետալներ` ներառյալ նրանց տնային հասցեները:
Նահանգի իշխանությունները հայտարարում են, որ տվյալների հրապարակմամբ իրենք ցանկանում են հավասարակշռություն մտցնել երեխաների անվտանգության աշխատանքում և ոստիկանների` բանտից ազատված մանկապիղծներին հետևելու գործում:
Սակայն կառավարության այդ նախաձեռնությունը մտավախության տեղիք է տալիս՝ կապված հնարավոր սխալների և հաշվեհարդարի հնարավոր դեպքերի հետ:








































