Թուրքիան սիրիացի փախստականների վրա բյուջեից ծախսել է ավելի քան 220 մլն դոլար: Այս մասին հայտնել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նրա խոսքերով՝ 2012 թ. ճամբարների ավելի քան 100 հազար փախստականների կարիքների և անհրաժեշտ սարքավորումների համար ծախսված ընդհանուր գումարն ավելի շատ կլինի: Դա պայմանավորված է նրանով, որ ֆինանսավորումն իրականացվել է ոչ միայն կենտրոնից, այլև տեղական իշխանությունների և նահանգապետերի կողմից:
Սիրիայի քաղաքացիները վերաբնակվել են 13 վրանային, մեկ կոնտեյներային ավանում, ինչպես նաև փախստականների ընդունման ժամանակավոր կենտրոնում: Այդ ավանները գտնվում են Թուրքիայի հարավային նահանգներում, դրանցից 4-ը սահմանակից են Սիրիային:
Ընդհանուր առմամբ Սիրիայից Թուրքիա է տեղափոխվել ավելի քան 143 հազար փախստական: Նրանցից 43 հազարը վերադարձել է հայրենիք:
Բացի այդ, Սիրիայի և Թուրքիայի սահմանին հավաքվել է մինչև 10 հազարի հասնող փախստականների նոր խումբ:









































