Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը և նախկին ներքին գործերի նախարար Հաբիբ Ալ-Ադլին կարող են դարձյալ հայտնվել մեղադրյալի աթոռին «հունվարի 25-ի հեղափոխության» ժամանակ ցուցարարների սպանության գործով: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հայտարարել է քննչական կոմիտեի աշխատակից Յասիր Սեյիդ Ահմադը, որը քննում է 2011 թ. հունվար-փետրվար ամիսներին ցուցարարների սպանությունների դեպքերը:
«Մեզ մոտ նոր ապացույցներ են ի հայտ եկել խաղաղ ցուցարարների սպանության գործով, որոնց հիման վրա կարող է տեղի ունենալ կրկնակի դատավարություն,- ասել է նա:- Հաջորդ ամիս հանձնաժողովը կավարտի ամփոփիչ զեկույցի նախապատրաստումը հեղափոխության ընթացքում ամբողջ կատարվածի վերաբերյալ, որը կներկայացվի անմիջապես հանրապետության նախագահին»:
Հիշեցնենք. հունիսի 2-ին Մուբարաքը և Ալ-Ադլին դատապարտվեցին ցմահ ազատազրկման ցուցարարների սպանության մեղադրանքով:
Այս պահին գլխավոր մեղադրյալները գտնվում են Կահիրեի Թորա բանտում: Դեկտեմբերի 23-ին նշանակված են Մուբարաքի և Ալ-Ադլիի բողոքարկման գործով Վերաքննիչ դատարանի լսումները:








































