Կինշասայում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի միջազգային իրադրությանը նվիրված քննարկումների շրջանակներում հոկտեմբերի 13-ին ելույթ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խոսքում հատուկ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Նա ընդգծել է, որ միջազգային հանրության դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծման վերաբերյալ, որը համահունչ է Հայաստանի մոտեցմանը, բազմիցս արտահայտել են կարգավորման գործընթացում միջազգային հանրության կողմից միջնորդության մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները: Այդ դիրքորոշման գլխավոր մոտեցումներն են առաջարկված ընդգրկելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի եզրափակիչ բանաձևում։ Ցավոք, Ադրբեջանը շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը և մերժել միջնորդների կողմից հիմնախնդրի կարգավորմանն ուղղված առաջարկները։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հոկտեմբերի 14-ին գագաթաժողովն ընդունել է Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձևը, որտեղ ամրագրվել է ՖՄԿ անդամ պետությունների լիակատար աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։
«Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա՝ մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 14-րդ գագաթաժողովի եզրափակիչ բանաձևում։








































