Վրաստանի խորհրդարանի ընտրության արդյունքների հրապարակումից հետո, երբ ձայները հիմնականում բաժանվեցին երկու քաղաքական ուժերի միջև, տեսակետ շրջանառվեց, որ Վրաստանը գնում է երկկուսակցական համակարգի ճանապարհով, և այդ երկրում աստիճանաբար ներդրվում է այդ քաղաքական մշակույթը:
Այդ գնահատականները նաև որոշակիորեն պրոյեկտվեցին Հայաստանի վրա` այն իմաստով, որ այստեղ էլ պետք է օրինակ վերցնել Վրաստանից: Մասնավորապես, այդպիսի դիտարկմամբ, օրինակ, հանդես եկավ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը:
Բնականաբար, այդ դիտարկման ենթատեքստում ՀՀԿ-ԲՀԿ երկկուսակցական համակարգի գաղափարն է: Պարզ է, թե ինչ է նկատի առնվում դրա տակ: ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն, հանդիսանալով միևնույն տնտեսաքաղաքական համակարգի երկու թևերը, բաժանում են համակարգը միմյանց միջև, մշակում են համապատասխան խաղի կանոններ և այդ կանոնների շրջանակում անցկացնում են համեմատաբար ազատ և արդար ընտրություններ` հետագա կատարելագործման նկատառումով:
Դրա համար, իհարկե, հարկավոր է չեզոքացնել, մարգինալացնել մնացյալ քաղաքական դաշտը: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ըստ էության դրանով էլ զբաղված են արդեն մի քանի տարի, և այս ուղղությամբ նրանց գործողությունները զգալի հաջողության են հասել՝ դաշտը գերազանցապես մարգինալացված է: Անգամ Հայ ազգային կոնգրեսի անխախտ թվացող ընդդիմադիր դիրքերը կորսված են հօգուտ ԲՀԿ-ի:
Հայաստանում երկկուսակցական համակարգի գաղափարը կարծես թե վայելում է նաև արտաքին հավանությունը: Համենայնդեպս, դրա առաջին փորձը կարելի է համարել Հայ ազգային կոնգրեսի և Սերժ Սարգսյանի երկխոսությունը, որը, սակայն, չստացվեց: Այդ երկխոսության գաղափարն ու միջնորդությունը վերագրվում էին Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Յովանովիչին: Նա, իհարկե, ժխտում էր իր դերակատարությունը, սակայն արդեն Հայաստանում նոր դեսպան Ջոն Հեֆերնը, երբ Սենատում քննարկվում էր նրա թեկնածությունը, այդ քննարկմանը հայտարարեց, որ երկխոսության հարցում զգալի ներդրում է ունեցել նաև ԱՄՆ դեսպանը:
Սակայն Կոնգրեսի և ՀՀԿ-ի միջև երկկուսակցական համակագի առանցքի ձևավորումը չստացվեց, և չստացվեց թերևս նաև «Բարգավաճ Հայաստան»-ի ջանքերի գնով, քանի որ այդ կուսակցությունը, լինելով իշխանության երկրորդ մեծ ռեսուրսը, պարզապես չհամակերպվեց խաղից դուրս մնալու հեռանկարին: Եթե այդտեղ դիտարկվի նաև Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնությունների և ծրագրերի գործոնը, ապա պարզ է, որ Կոնգրես-Սերժ Սարգսյան երկխոսությունը չէր կարող հեռանկար ունենալ, քանի դեռ իշխանության մեջ ազդեցիկ էր ԲՀԿ-Քոչարյան թևը: Արդյունքում` նրանք ետ մղեցին Կոնգրեսին, իսկ Սերժ Սարգսյանին էլ ստիպեցին «երկխոսել» իրենց հետ` միևնույն ժամանակ երկխոսության ճակատ բացելով նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, բայց առավելապես որպես Սերժ Սարգսյանի դեմ կիրառելու գործիք:
Բայց Սերժ Սարգսյանը ներկայումս այնքան էլ հակված չէ կիսվել ԲՀԿ-ի հետ, ինչի պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանի շրջապատն ինքնին բավականին բազմաշերտ է` այստեղ կան բազմաբնույթ հավակնություններ: Այսինքն` ՀՀԿ կոչվածը և գուցե նաև` Սերժ Սարգսյանի ավելի լայն շրջապատը ինքնին տարբեր շահեր ունեցող խմբերի հանրույթ է, հետևաբար միատարր չլինելով` այդ հանրույթը չի կարող արդյունավետ կիսվել մեկ այլ բևեռի հետ, որը շատ ավելի միատարր է այդ իմաստով՝ համեմատության մեջ:
Հետևաբար Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ի հետ կարող է համակարգ կիսել այն դեպքում, երբ լուծի իր շրջանակում իշխանության հարցն ու կառուցի միատարր թիմ: Բայց դա էլ երաշխիք չէ, որ Սարգսյանը դրանից հետո կարող է ԲՀԿ-ի հետ գնալ երկկուսակցական համակարգի և խաղի կանոնների մշակման ճանապարհով: Սարգսյանի համար ձեռնտու կլինի, այսպես ասած, անձամբ կառուցել երկրորդ բևեռն էլ, այսինքն` «Բարգավաճ Հայաստան»-ի փոխարեն ձևավորել մի նոր ուժ` իր իսկ շրջանակից, որը խոշոր հաշվով, ենթակա լինելով իրեն, կկազմի, այսպես ասած, այլընտրանքային-ընդդիմադիր բևեռ` ԲՀԿ-ի փոխարեն:
Օրինակ` Սերժ Սարգսյանը կարող է այդ ուժը կերտել ՀՀԿ ինչ-որ մասից: ԲՀԿ-ն զգում է այդ վտանգը, այդ մարտահրավերը, և ներկայումս կուսակցության պայքարը ըստ էության ոչ այնքան իշխանության համար է, որքան հենց այդ երկրորդ բևեռի կարգավիճակը առնվազն առաջիկա հինգ տարիներին ամրագրելու, որպեսզի 2017-18 թվականներին արդեն ԲՀԿ-ն չլինի մարգինալացված կարգավիճակում:
Խոշոր հաշվով երկկուսակցական այդօրինակ համակարգը Հայաստանի համար դիտվում է որպես քաղաքական համակարգի զարգացման և ավելի բաց համակարգի անցնելու մի փուլ: Ընդհանրապես նկատելի է, որ հենց այդ տարբերակն է դիտվում որպես հետխորհրդային երկրներում ամբողջատիրական համակարգերի ապամոնտաժման ամենաարդյունավետ միջոց, քանի որ հեղափոխական միջոցները վերջին հաշվով հասցնում են լճացման և կտրվում են հասարակական հենքից անգամ այնպիսի ռեֆորմատորական գործունեության պարագայում, ինչպիսին Սաակաշվիլիի դեպքն էր:
Խնդիրն այն է, որ այդ մշակումներում պետք է առանցքային տեղ հատկացնել հանրությանը, և երկրորդ բևեռը պետք է կերտվի հենց հանրային, քաղաքացիական, արդիական հումքից, ոչ թե առաջինի նման` քրեաօլիգարխիկ, ինչպես առայժմ հայաստանյան պարագայում է:









































