Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը` Մալիում ռազմական միջամտությանն աջակցելու մասին, սպառնալիքի տակ է դրել նրա և իսլամիստների մոտ պատանդված տասնյակ եվրոպացիների կյանքը: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Շարժում հանուն Արևմտյան Աֆրիկայում միասնության և ջիհադի» արմատական խմբավորման ներկայացուցիչ Ումար Ուլդ Համահան: Այդ խմբավորումը սերտ կապեր ունի «Ալ-Քաիդան իսլամական Մագրիբայի երկրներում» խմբավորման հետ: Այս մասին հայտնում է MigNews.com-ը:
Ֆրանսուա Օլանդը շաբաթ օրը եղել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում` մասնակցելու երկու տարին մեկ անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Այնտեղ նա հաստատել է Ֆրանսիայի միտումը` փաստացի երկու մասի բաժանված Մալիում իրադրության կարգավորման շուրջ:
Նրանց սպառնալիքներին այսօր Ֆրանսիայի նախագահը պատասխանել է, որ աֆրիկացի իսլամիստների ելույթները չեն ազդում ահաբեկչության դեմ պայքարում Ֆրանսիայի կուրսի վրա:
«Ահաբեկչության դեմ պայքարում Ֆրանսիայի դիրքորոշումն անփոփոխ է մնում: Ազատե´ք նրանց (պատանդներին), քանի ուշ չէ»,- ասել է Օլանդը:
Հատկանշական է, որ աֆրիկյան այցի ավարտին Օլանդը երկուշաբթի Ելիսեյան պալատում հանդիպելու է պատանդների հարազատներին:








































