«Հարավային հոսք» գազատարի շինարարությունը Սերբիայում կստանա ազգային նախագծի կարգավիճակ: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, այս մասին այսօր հայտարարել է երկրի էներգետիկայի, զարգացման և շրջակա միջավայրի պահպանության նախարար Զորան Միխայլովիչը Սերբիա ռուսական գազի երկարաժամկետ մատակարարման միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը նվիրված ասուլիսում:
«Մոտ ապագայում «Հարավային հոսքը» Սերբիայում կստանա ազգային նախագծի կարգավիճակ»,- ընդգծել է նա՝ հավելելով, թե գազի գինը պետք է որոշվի ամեն տարի:
Ինչպես երկու շաբաթ առաջ հայտարարել էր «Սերբիագազի» գլխավոր տնօրեն Դուշան Բայատովիչը, Բելգրադը հույս ունի 2013թ. իջեցնել գազի գինը 470 դոլարից մինչև 420 դոլար՝ 1000 խմ գազի դիմաց:
Միխայլովիչը հայտարարել է նաև, որ միջկառավարական համաձայնագրի կնքումը Սերբիայի և Ռուսաստանի միջև ևս մեկ քայլ է էներգետիկայի ոլորտում արդյունավետ համագործակցության ուղղությամբ:











































