«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքը կարծես թե փլուզվում է: Համենայնդեպս, այդ դաշինքում իրադարձությունները զարգանում են բավականին արագ և դեպի կազմաքանդում տանող սցենարով: Րաֆֆի Հովհաննիսյանի, իսկ հետո նաև Խաչատուր Քոքոբելյանի հայտարարությունները կարծես թե վկայում են դրա մասին:
Դեպքերի հաջորդականությունը բավական հետաքրքրական է: Նախ` Րաֆֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 1-ին ասուլիս հրավիրեց ու հայտարարեց, թե ինքն ու «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը պայմանավորվածություն են ունեցել, որ խորհրդարան անցնելուց հետո վայր են դնելու մանդատը և այն, այսպես ասած, փոխանցելու են ավելի երիտասարդ պատգամավորների: Խաչատուր Քոքոբելյանն այդ հայտարարության պահին գտնվում էր արտերկրում: Վերադառնալով` նա հայտարարեց, որ այդպիսի պայմանավորվածություն չի եղել, և Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը թյուրըմբռնման արդյունք է երևի: Քոքոբելյանը նաև հայտարարեց, որ «Ազատ դեմոկրատների» ու «Ժառանգության» գործակցությունը շարունակվելու է, և Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման դեպքում «Ազատ դեմոկրատները» սատարելու է նրա նախագահական թեկնածությունը: Սակայն իրադարձություններն անակնկալ զարգացում ունեցան, և Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ուղղակի ստի մեջ մեղադրեց Քոքոբելյանին` հայտարարելով նաև, որ նրա սատարումն իրեն պետք չէ: Խաչատուր Քոքոբելյանը պատասխան հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ Հովհաննիսյանը հուզական ազդեցության տակ է արել հայտարարությունը, և որ ինքը ցավում է, որ իրենց կուսակցության ջանքերը՝ ստեղծել երկարատև քաղաքական դաշինք, փոշիացվում են անհասկանալի նպատակներով:
Այն, որ իրավիճակը փոքր-ինչ անհասկանալի է, թերևս իսկապես այդպես է: Համենայնդեպս, կողմնակի հայացքի համար: Անհասկանալիությունն, իհարկե, այս դեպքում զարմանալի չէ, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայաստանյան քաղաքական դաշտում իր ակտիվ գործունեության ընթացքում մեկ անգամ կամ առաջին անգամը չէ, որ անհասկանալի իրավիճակներ է ստեղծում, կատարում անհասկանալի քայլեր: Օրինակ` բավական է հիշել նախորդ տարի մի քանի օրով մանդատը վայր դնելու օրինակը, երբ նա դիմում ներկայացրեց մանդատից հրաժարվելու համար, իսկ հետո հետ վերցրեց դիմումը: Նույնքան անհասկանալի էր Ազատության հրապարակում նրա «Ծոմ ազատությանը» և դրա ընդհատումը: Միգուցե «Ժառանգության» առաջնորդը այդ ամենն իր մտքում կապակցում է բավական հստակ, հաջորդական, պատճառահետևանքային կուռ տրամաբանությամբ: Բայց խնդիրն այն է, որ քաղաքականությունը հանրային զբաղմունք է, հանրության շահերը սպասարկելուն ուղղված զբաղմունք է, և երբ դրանում տեղի են ունենում առերևույթ հանրության համար անհասկանալի զարգացումներ, ապա դրա ազդեցությունը հավասարազոր է վատ, հակահասարակական զարգացումներին, որովհետև եթե քաղաքականությունը հասկանալիորեն չի ծառայում հանրությանը, ապա արդեն իսկ ինքնին հայտնվում է բացասական ծիրում, որովհետև առնվազն նպաստում է քաղաքականության մասին հանրային ընկալումների դեգրադացմանը: Սա իմիջիայլոց:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» տիրույթին, ապա այստեղ կարծես թե հանրությունը պետք է պարզի, թե ով է իրականում ստում, ով է ում խաբում և ինչի համար: Բայց պարզ է, որ հասարակությունը չի ընկնելու այդ պարզաբանումների ետևից, այլ պարզապես ծիծաղելու է դաշինքի վրա և հիասթափվի հերթական անգամ: Այստեղ անելիք ունեն երկու կուսակցություններն էլ, երկու առաջնորդներն էլ: Նրանք պետք է շահագրգռված լինեն հանրությանը մատչելի կերպով բացատրելու իրավիճակը, խոսելու առավելագույնս պարզ և հասկանալի ու երևի թե բացելու որոշակի խոհանոցային գաղտնիքներ: Առանց դրա, անկախ նրանից, թե ով է իրենցից իրավացի, չի ստացվի ոչինչ և կատարված սխալը կտարածվի երկու ուժերի վրա` անլրջացնելով նրանց քաղաքական հեռանկարները: Միևնույն ժամանակ, իսկապես հետաքրքիր է, թե ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը բացահայտեց մանդատի շուրջ պայմանավորվածության խախտման վարկածը: Եթե իսկապես եղել է այդպիսի պայմանավորվածություն, ապա ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև իր մանդատը վայր դնելը չի քննարկել հարցը Խաչատուր Քոքոբելյանի հետ: Եթե քննարկել է, ապա ինչո՞ւ այդ մասին չի հայտարարվել հենց սկզբից, ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չի պնդել, որ Քոքոբելյանի հետ միասին դնեն մանդատը:
Մեծ հաշվով, միգուցե նույնիսկ լավ է, որ «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» բաժանվում են հիմա, երբ դեռ չէին հասցրել վաստակել հանրության բավական ստվար զանգվածների համակրանքը: Իսկ դրա հավանականությունը երկու ուժերն ունեին, քանի որ փորձում էին հանդես գալ քաղաքականության, այսպես ասած, քաղաքացիական արմատի հիմքով: Երբ հասարակության ստվար զանգված հետևեր դաշինքին, ապա այդօրինակ վիճակի դեպքում մեծ էր լինելու նաև հիասթափվողների բանակը: Այնպես որ, սա այն դեպքն է, երբ ուշ լինելու դեպքում ոչ թե նուշ, այլ ավելի դառն էր լինելու: Թող «Ժառանգությունը» գնա իր ճանապարհով, «Ազատ դեմոկրատներն»` իրենց, առավել ևս, որ հազիվ թե միասին անցնելիք ճանապարհը շատ ավելի արդյունավետ լիներ: Երկու ուժերը իրենց ճանապարհի մեկնարկին հայտարարում էին, որ իրենց խնդիրը խորհրդարանական մանդատները չեն, այլ երկարատև գաղափարական միությունը: Առայժմ որպես խնդիր նրանք լուծել են միայն մանդատների հարցը: Մյուս կողմից` գաղափարական հարցերը հայաստանյան քաղաքական իրականության մեջ լուծում պահանջում են այլ հարթության վրա: Այստեղ էական չէ, թե քանի անուն կուսակցություն են ստանձնում լուծումը: Էական է, թե ինչ որակով, ինչ սկզբունքներով:
Հետևաբար` «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» համար ոչինչ կորած չէ գաղափարական դաշտում հաջողելու տեսանկյունից: Բայց դա արդեն կախված է նրանից, թե ինչպես կհաջողեն ստեղծված իրավիճակում սեփական իրավացիության մեջ հանրությանը համոզելու հարցում: Ընդհանուր առմամբ, սա, իհարկե, հարված է Հայաստանում, այսպես ասած, արևմտյան քաղաքական բևեռի ձևավորման գործընթացին: Որտեղից է գալիս այդ հարվածը կամ որտեղից կարող էր գալ` թերևս դժվար չէ գուշակել ընդհանուր առմամբ: Բայց այստեղ, իհարկե, դավադրության տեսությունը կլինի շատ սովորական և նույնիսկ ձանձրալի բացատրություն: Ի վերջո, խոսքը հասուն մարդկանց, հասուն ուժերի մասին է, որոնք զբաղվում են քաղաքականությամբ: Հետևաբար` այստեղ պատասխանատվության կոնկրետ մասից բացի, կա, իհարկե, գլոբալ պատասխանատվության հարց, որը կիսում են երկու ուժերն էլ:







































