Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացվող վճիռներն արդեն մտահոգիչ են դառնում: Միայն վերջին օրերին ընդդեմ Հայաստանի կայացվեց 4-5 վճիռ, որոնց համար ՄԻԵԴ-ի կողմից նախատեսված փոխհատուցման չափը նույնպես բավական մտահոգիչ է, առավել ևս, որ այն տրամադրվում է պետական բյուջեից: Մամուլում արդեն գրվեց, որ 2007- ից այս կողմ ՄԻԵԴ-ի որոշումների համար ՀՀ բյուջեից տրվող փոխհատուցումը հասել է 398 հազար եվրոյի սահմանին: Արդարադատության նախարարությունից «Հրապարակ»-ը փորձեց պարզել, թե, սկսած 2002 թվականից, երբ Հայաստանը սկսեց իր գործընթացները Եվրադատարանի հետ, որքա՞ն դիմում է ներկայացվել Եվրադատարան, դրանցից քանի՞սն է բավարարվել, քանիսի՞ մասով է մերժում ստացվել: Թեև լրատվական վարչությունից ասացին, որ իրենց մոտ այդպիսի մոնիտորինգ չի արվում, և իրենց կայքում տեղադրվում են միայն ուժի մեջ մտած վճիռները, սակայն հենց նախարարության կայքից տեղեկանում ենք. փոխնախարար Ռուբեն Մելիքյանի տվյալներով, այս տարվա մարտ ամսի դրությամբ ՄԻԵԴ-ի կողմից ընդդեմ Հայաստանի 32 վճիռ է կայացվել, իսկ մինչ օրս ընդդեմ Հայաստանի 949 գործ է ընդունվել ՄԻԵԴ վարույթ: Այսինքն, ընդհանուր առմամբ, մոտ 1000 գործ է վարույթ ընդունվել, որոնցից մոտ 40-ը բավարարվել է:
Ի դեպ, մի ուշագրավ տենդենց է նկատվում. Եվրադատարանը վերջին շրջանում ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռներում ավելի մեծ փոխհատուցում է սահմանում, քան առաջին տարիներին: Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի կարծիքով, ՄԻԵԴ-ը սկզբում հաշվի է առել այն հանգամանքը, որ ՀՀ-ի բյուջեն փոքր է: Նրա խոսքով, իրավունքի այն խախտումները, որոնք թույլ են տրվում Հայաստանում, եվրոպական երկրներում դրանց համար ավելի մեծ փոխհատուցում է սահմանվում: «ԵԴ-ն մեծ տուգանքներ չի սահմանում` հաշվի առնելով երկրի տկար լինելը վճարունակության առումով, բայց գնալով, երբ շատանում են իրավունքների խախտման դեպքերը, ԵԴ-ն էլ մեծացնում է գումարների չափը: Որոշ դեպքերում իշխանությունները դա համարում են իրենց հաղթանակը, երբ, ասենք, դիմումատուն ուզել է 10 հազար եվրո, ԵԴ-ն հատկացնում է 1000, բայց Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի հոդվածների վրա, ոչ թե գումարի չափի: Շատ հաճախ կառավարությունը կոմունիկացիայի փուլում վիճարկում է ոչ թե հոդվածները, այլ գումարի չափը,- նկատեց փաստաբանը` ավելացնելով,- Այստեղ մի տեսակ հակասություն է առաջանում: ԵԴ-ն ասում է, որ ինքն իրավունքների պաշտպանության տեղ է, իսկ մեր իշխանությունները, դա անտեսելով, գումարի կռիվ են տալիս»:
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը ևս կարծում է, որ ՄԻԵԴ-ի վճիռներն ընդդեմ Հայաստանի մտահոգիչ են, բայց ցավում է, որ այդ փաստը քչերին է հուզում: «Դա, հավանաբար, նրանից է, որ այդ բոլոր վճիռները դեռևս ներպետական ատյաններում իշխանությունների կողմից բարձր մակարդակով պատվիրված որոշումներ ու վճիռներ են եղել,- կարծիք հայտնեց Օհանյանը` ավելացնելով,- Ո՞վ է կասկածում, որ Ժիրայր Սեֆիլյանի դեմ վճիռը պատվերով չի կայացվել կամ, ասենք, Բուզանդի և այլ գործերով որոշումները: Դա ո՞վ չգիտի, նորություն չէ»:









































