Բրիտանական Կոլումբիայի Մեյփլ Ռիջի 15-ամյա աշակերտուհի Ամանդա Տոդդը ինքնասպան է եղել YouTube-ում 9 րոպեանոց «օգնության կոչ» տեղադրելուց հետո՝ մեկ ամիս անց:
Սեպտեմբերի 7-ին համացանցում հայտնված հոլովակում նա օգնություն էր խնդրում` ցույց տալով քարտերը, որոնցում ներկայացված էր իր պատմությունը: Աղջիկը բողոքում էր, որ մի քանի ամիս շարունակ նա ծաղրանքի և ֆիզիկական բռնության էր ենթարկվում իր համադասարանցիների կողմից: Նա հաղորդում էր, որ ընկճախտի մեջ է հայտնվել և ստեղծված իրավիճակից ելք չի կարողանում գտնել:
«Ես ամեն գնով աշխատում եմ այս աշխարհում մնալ, սակայն այն ամենը, ինչ տեղի է ունենում, ինձ շատ է ցավ պատճառում»,- ասում էր Ամանդան: Մեկ ամիս անց նա վերջ է տվել իր կյանքին: Նրա համադասարանցիներից մեկը տեղեկացրել է, որ Ամանդան նախկինում ևս փորձել էր կյանքի հետ իր հաշիվները մաքրել: Երբ դպրոցականներն այդ մասին իմացել էին, սկսել էին ծիծաղել նրա վրա` հրահրելով նրան կրկնել փորձը:
Աշակերտուհու մահվանից հետո Twitter-ում նրա հասակակիցները, ծանոթներն ու անծանոթները կարճ հաղորդագրություններով ցավակցություն են հայտնում նրա ընտանիքին` նշելով, որ դեռահասների ինքնասպանությունը կանխելը շատ դժվար է: