Այսօր ծխելու դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը և հոգեբան Սամվել Խուդոյանը խոսեցին ծխախոտի վնասների և դրանից ձերբազատվելու միջոցների մասին:
Էնդոկրինոլոգը նշեց` որքան օրգանիզմը ակտիվ է, որքան մարդը երիտասարդ է, այնքան ավելի մեծ է թթվածնի հանդեպ օրգանիզմի պահանջը, և հետևաբար այնքան ավելի վտանգավոր է ծխելը, որովհետև ծխելիս մարդիկ կլանում են ածխաթթու գազ:
«Մյուս վտանգավոր կողմն այն է, որ շնչելիս այլ նյութեր են թափանցում օրգանիզմ, օրինակ` կանցերոգեններ: Դրանք ձյութի նման նստում են մեր բրոնխներում, ինչն էլ խանգարում է շնչառական ուղիների բնականոն գործունեությանը: Արդյունքում մենք ստանում ենք ծխողների խրոնիկական բրոնխիտ հիվանդություն: Դրանով այսօր տառապում է ծխողների մեծ մասը»,- ասաց մասնագետը:
Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով` մարդիկ շատ հեշտությամբ կարող են ձերբազատվել այդ սովորությունից, եթե իսկապես ցանկանան. «Երբ մարդն իմանում է, որ իրեն ծխելը խստիվ արգելված է, նա առանց որևէ պահանջի ձերբազատվում է այդ կախվածությունից: Ծխելը քաղցկեղի, ինֆարկտի և բազմաթիվ բացասական հիվանդությունների պատճառ է: Ցավն այն է, որ ծխողների մեծ մասը դա չի գիտակցում և մատների արանքով է նայում այս խնդրին»:
Խուդոյանը հավելեց նաև, որ մեր երկրում ծխելու դեմ պայքարի համար ոչինչ չի արվում, և այս օրն էլ սիմվոլիկ է. «Հայերը կարծում են, որ ծխելով` ինչ-որ լավ բան են անում, կարծում են` իրենց ինքնագնահատականը դրանից բարձրանում է, և ինքնահաստատվում են. ի՞նչ պայքարի մասին է խոսքը»:









































