Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում կոռուպցիոն սկանդալի («Գյուլյարգեյթ») հերոսուհի, նախկին պատգամավոր, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ Գյուլյար Ահմեդովան դիմել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով իրեն պաշտպանել կուսակիցների հարձակումներից: Նա այդ դիմումը դրել է Facebook-ի իր էջում:
Դրանում Ահմեդովան հիշեցնում է, որ նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաևի հետ իր զրույցի (ռեկտորին պատգամավորների ցանկում ընդգրկելու համար ստացվելիք կաշառքի քննարկում) մասին տեսանյութի ի հայտ գալուց և քրեական գործի հարուցումից հետո կամավոր հրաժարվել է պատգամավորական մանդատից, որպեսզի «աջակցի հետաքննության ընթացքին».
«Դրանից հետո ես խոստացա որևէ հայտարարություն չանել ԶԼՄ-ներում և հասարակության համար: Սակայն իմ գործընկերները սկսեցին հարձակվել վրաս՝ հերյուրանքներ տարածելով: Ամեն օր իմ հասցեին վիրավորանքներ են հնչում: Դրանով իսկ այդ մարդիկ խանգարում են հետաքննության ընթացքին՝ փորձելով այն ուղղել սխալ ուղղությամբ:
Ես Ձեզ խնդրում եմ կանգնեցնել իմ հասցեին ուղղված կեղտի այդ հոսքը, խնդրում եմ ինձ և իմ ընտանիքին պաշտպանել ֆիզիկական ու բարոյական բռնություններից»:










































