Մեծ Պահքը տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատկի տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ Պահքի նախընթաց օրը: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բուն Բարեկենդանը համարվում է Մեծ Պահքի առաջին կիրակին:
Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման: Օրվա խորհրդի և անվան մասին Աստվածաշունչ մատյանի Ծննդոց Գրքում գրված է. «… Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր»: /Ծննդ. 3:23/: Նախապատմությունը հետևյալն է. մարդն ունկնդիր լինելով Սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրանազանց գտնվելով` համտեսեց արգելված պտղից: Որպես պատիժ, մարդն իհարկե, անմիջապես չմահացավ, սակայն զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից և անիծվեց: Այսուհետ, մարդն իր քրտինքով պետք է վաստակի օրվա հացը և կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենա և վերջում էլ ասվեց նրան. «…հող էիր և հող կդառնաս» /Ծննդ.3.19/: Եկեղեցական հայրերն իմաստուն կերպով Քառասնորդաց Պահքի շրջանի կիրակիներն այնպես են դասավորել և այնպիսի անվանումներ ու խորհուրդներ տվել, որոնցով ի հայտ է գալիս մարդկության կյանքի ուղին` ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարանք: Սա ինքնին մարդուն խորհելու ևս մեկ առիթ է սեփական անձին անդրադառնալու, պահոց շրջանն արդյունավետ անցկացնելու համար:
Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32) մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջեւ: Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցածը: Այս դժվար դրության մեջ նա հիշում է հայրական տունը, զղջում կատարածի համար և վերադառնում: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախությամբ ընդունում է նրան: Ավագ որդին դժգոհում է, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել: Հայրը պատասխանում է, որ պետք է ուրախ լինել, քանի որ` ով մեռած էր, կենդանացավ: Ավագ, կրտսեր որդիներն արդար եւ մեղավոր հոգիներն են, և ինչպես հայրն է անառակ որդուն ընդունում, նույն կերպ էլ Աստված է իր գիրկն առնում զղջացող մեղավորին: Առակը նաեւ հետեւյալ խրատն ունի, որ բացահայտվում է ավագ որդու կերպարում: Ովքեր կարծում են, թե արդար են, պետք է խուսափեն սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք ունենալուց:
Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի, ըստ դրա, օրվախորհուրդը բացատրող անիրավ տնտեսի մասին առակի: Այն հիշատակում է միայն Ղուկաս ավետարանիչը, որի բովանդակությունը հետեւյալն է: Մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան եւ հաշիվպահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Տնտեսը հասկանում է, որ կարող է անգործ մնալ, խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհումիրենց ունեցած պարտքի մի մասը: Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին` հնարամտությամբ վարվելու համար: Առաջինհայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ:
Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիովգրել էր իր օգտին` պարտքի շնորհումով` ոչ մի վնաս չպատճառելով իր տիրոջը: Տերը գովում է տնտեսին` իր հասանելիք շահույթից հրաժարվելու համար: Այսինքն` հույժ գովելի է հրաժարումը, որն էլ հենց պահքի իմաստն է: Պահքը մարդուն որեւէ գայթակղությունից հրաժարվելու ունակություն է սովորեցնում, հրաժարում, որից սկսվում է ինքնազսպումը կամանձի ուրացումը: Քրիստոս ասում է. «Եվ ով իր խաչը չի վերցնում ու Իմ ետևից չի գալիս, Ինձ արժանի չէ»: /Մատթ. 10:38/:
Այսառակը հորդորում է յուրաքանչյուրին հրաժարվելով եւինքնազսպմամբ հասնել փրկության: Առակի այլաբանականիմաստն այս է: Հարուստ մարդը խորհրդանշում է Աստծուն, անիրավ տնտեսը` մեղավորին, որը երկար ժամանակ անհոգկերպով վատնում էր Աստծո տված շնորհները, մինչեւ որ Աստված նրան պատասխանատվության է կանչում: Անիրավ տնտեսը խորհրդանշում է այն բոլոր մարդկանց, ովքեր զղջում են, ներում իրենց պարտապանների պարտքերը եւ սիրելի դառնում հրեշտակներին ու արդարներին:
Մեծ Պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի: Այդ օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ եւ դատավորի մասին առակը (Ղուկ. 18: 1-5): Ըստ առակի, մի այրի կին, անընդհատ խնդրում է Աստծուց չերկնչող եւ մարդկանցից չվախեցող դատավորին` իրդատն անելու: Դատավորը կնոջից ազատվելու համար ստիպված բավարարում է նրա պահանջը: Այս առակը պատմելուց հետո Քրիստոս հավաստիացնում է բոլորին, որ եթե անարդարդատավորն այրի կնոջ դատը տեսավ, ապա Աստված առավել եւ սկկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են:
Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանը փրկության ուղով առաջնորդվել: Այս կիրակին միեւնույն ժամանակ կրում է Երկրորդ Գալստյան խորհուրդը:
Մեծ Պահքի յոթերորդ կիրակին Ծաղկազարդն է: Այն խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդն հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին, ասելով. «Օրհնությո¯ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15):
Հիսուսը եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին:
Հիսուսի մուտքը Երուսաղեմի ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Ովսաննա Բարձյալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 10:9-10): Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և կենդանություն պարգևող:
Այդ օրը եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվում:











































