Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Միացյալ Նահանգների իշխանությունները որոշում են կայացրել բացել ռազմավարական նավթային պաշարները, որպեսզի հնարավոր լինի զսպել մերձավորարևելյան տարածաշրջանից նավթային առաքումների հետևանքով առաջացած նավթամթերքի գնաճը ԱՄՆ-ում, ինչը զգալիորեն վտանգում է միջազգային տնտեսության՝ ճգնաժամից դուրս գալու ջանքերը:
«Մենք դիտարկում ենք մի քանի հնարավորություն: Մեր պաշարների թեման (բացելու.– 1in.am) դիտարկվում է որպես հնարավորություն»,- ասել է Օբամայի աշխատակազմի ղեկավար Ուիլյամ Դեյլին` NBC-ին տված հարցազրույցում: Անցած շաբաթ արդեն երրորդ սենատորն է դիմել Օբամային նման հնարավորություն ստեղծելու համար: Դեմոկրատ Ջեյ Ռոքֆելլերն ասել է, որ անհրաժեշտ է բացել երկրի նավթային ռազմավարական պաշարները, ինչը թույլ կտա «ապահովել ազգային անվտանգությունը` կանխարգելելով վերահաս վառելիքային ճգնաժամը»: Ավելի վաղ նման հնարավորության մասին էր խոսել ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթները:
Մինչդեռ բրիտանական The Financial Times-ը գրել է, որ արևմտյան կառավարությունները, որոնք խիստ պատժամիջոցներ էին սահմանել Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի և նրա ընտանիքի անդամների համար, հիմա էլ որոշել են պատժամիջոցներ սահմանել այդ երկրից նավթի արտահանման վրա: Թերթը նաև նշում է, որ միայն վերջին երկու շաբաթների ընթացքում Լիբիան փետրվարի վաճառված նավթի դիմաց ստացել է 770 մլն դոլար:











































