2000թ.-ից սկսած Ցեղասպանության զոհերի ժառանգորդներն իրավունք ունեին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի դաշնային դատարանում դատական հայցեր ներկայացնել ապահովագրական ընկերությունների դեմ` փոխհատուցում ստանալու նպատակով:
Անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանում ներկայացվում էին արդարադատության նախարարություն: Սակայն տուժածների իրավահաջորդները ասում են, որ նախարարությունը փաստաթղթերը ընդունելուց զատ, այլ բան չի անում, այսինքն` չի զբաղվում հետագա ընթացքով: Նախարարության պատասխանատուների խոսքով, նախարարությունը որպես բարի կամքի դրսևորում օգնել է միայն պահանջվող փաստաթղթերը լրացնելուն:
Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանային դատարանի ընդունած որոշմամբ 13790 իրավահաջորդների դիմումներից հաստատվել են 966 դիմումներ: Անցած տարի «Աքսա» ընկերության կարգավորող հանձնաժողովի գործադիր տնօրեն Բարսեղ Գարթալյանը ասել էր, որ ժառանգ լինելու հայտ ներկայացրած բոլոր դիմումատուները պատասխան ստանալու են:
Դիմումատուներից գյումրեցիներ Սուրիկ ու Հասմիկ Դանիելյանները արդեն մեկ տարի է` չեն կարողանում գտնել, թե ով պետք է վճարի փոխհատուցումը: «15 հազար դոլար պետք է տան, մեր պապենական ժառանգությունն է, ու կարիքը այսօր շատ ունենք»,-ասում են Դանիելյանները: Նրանք պետական այս կամ այն դուռն են թակում, բայց ապարդյուն:
Արդարադատության նախարարության հետ պայմանավորվածություն կար, որ այդ գումարները վճարվելու են «Արդշինինվեստբանկի» միջոցով: Սակայն Սուրիկ Դանիելյանը բանկի կայքում այս թեմայով ոչինչ չի կարողացել գտնել: