Այսօր ժամը 20.00-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել Հաղթանակ թաղամասում, որն առավել հայտնի է Չորրորդ գյուղ անվամբ, տեղի ունեցած ինքնասպանության մասին: Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր հասած ոստիկանները պարզել են, որ 4-րդ գյուղի 4-րդ փողոցի 26 տան ավտոտնակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 33-ամյա Վոլոդյա Սարգսյանը:
Ինչպես պատմեցին հարևանները, Վ.Սարգսյանը աշխատում էր ՀՀ Ոստիկանության պետական պահպանության վարչությունում` որպես շարքային: Սակայն, ըստ հարևանների, մի քանի ամիս առաջ Վոլոդյան ազատվել էր աշխատանքից, իսկ նրա նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունը հարուցել էր քրեական գործ, և քննիչի կողմից նա ստորագրությամբ ազատ էր արձակվել` քաղաքից չբացակայելու պայմանով:
Այս պահին դեպքի վայրում է գտնվում Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում էին նաև դատաբժիշկն ու դիակը տեղափոխող ավտոմեքենան:
Դատաբժշկի կողմից դիակի զննումից հետո դիակը տեղափոխվեց դիահերձարան:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: