Սաշա Բարոն Քոենը կնկարահանվի «Լեսբուհին» աշխատանքային անվանումը կրող կատակերգությունում: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմը հիմնված կլինի իրական իրադարձությունների վրա: 2012-ի սեպտեմբերին Հոնգկոնգի միլիարդատեր Սեսիլ Չաոն հայտարարել է, որ 65 միլիոն դոլար կվճարի ցանկացած տղամարդու, ով կարողանա համոզել իր աղջկան՝ Գիգի Չաոյին, ամուսնանալ: BBC-ի փոխանցմամբ՝ Գիգին ձեռնարկատեր է, ունի Մանչեսթերի համալսարանի դիպլոմ: Նա լեսբուհի է: 2012-ի սկզբին Գիգին ամուսնացել է իր զուգընկերուհու հետ: Սեսիլ Չաոն հրաժարվում է ճանաչել այդ միությունը:
Սաշա Բարոն Քոենի Four By Two Films ընկերությունը զբաղվում է նոր կատակերգության պրոդյուսերական աշխատանքներով: Բացի այդ` ենթադրվում է, որ դերասանն անձամբ հանդես կգա միլիարդատեր հայրիկի դերով:
Ներկայում Քոենի վերջին դերակատարումը Լարի Չարլզի «Բռնապետը» կատակերգությունում է: 65 մլն դոլար բյուջեով ֆիլմն էկրան է բարձրացել 2012-ի մայիսին և համաշխարհային վարձույթում աշխատել ավելի քան 177 մլն դոլար:







































