Նվազագույն աշխատավարձը չի կարող լինել 72.500 դրամ, երբ քաղծառայողի աշխատավարձը 40.000 դրամ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին:
«Իրավական ձևակերպմամբ նվազագույն աշխատավարձը այն վարձատրությունն է աշխատանքի դիմաց, որն անհրաժեշտ է մարդուն իր գոյությունը պահպանելու համար: Կառավարությունը որոշեց այդ աշխատավարձը դարձնել 35.000 դրամ: Սակայն և՛ այդ որոշումը, և՛ Հրանտ Բագրատյանի նախագիծը դեռ չեն քննարկվել Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Մինչ քննարկելը` կարող եմ ասել հետևյալը. պետությունը որդեգրելով նվազագույն աշխատավարձի քաղաքականությունը` պետք է կարողանա տարբերել աշխատավարձը և նվազագույն աշխատավարձը: Նվազագույն աշխատավարձը միաժամանակ չափանիշն է աշխատանքի արտադրողականության: Երբ մենք բարձրացնում ենք նվազագույն աշխատավարձի արժեքը, սրանով իսկ, որպես տնտեսական կատեգորիա, նկատի ունենք, որ մեր աշխատանքի արտադրողականությունը բարձր է»:
Հակոբյանը նշեց նաև, որ նվազագույն աշխատավարձը պետք է համապատասխանի տվյալ տնտեսական ժամանակահատվածում աշխատանքի արդյունավետությանը, անկախ այն բանից՝ դա համապատասխանո՞ւմ է սպառողական զամբյուղին, թե՞ ոչ: ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով` նվազագույն աշխատավարձը պետք է լինի միայն ու միայն տնտեսական և ոչ թե սոցիալական կատեգորիա:
«Կառավարությունն ունի ծրագիր` մինչև 2017 թվականը կրկնապատկել նվազագույն աշխատավարձը` հասցնելով 75.000 դրամի, դրա հետ պետք է լինեն նաև գնաճի սկզբունքները, որպեսզի մենք կարողանանք տնտեսապես հիմնավորել նվազագույն աշխատավարձի բարձրացումը: Նվազագույն աշխատավարձը հաշվում են առանձնապես որակավորում չունեցող աշխատատեղերի համար, օրինակ` հավաքարարների, պահակների»:
Ասուլիսի մյուս մասնակիցը՝ «Հայրենական ապրանքարտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, համաձայնեց Հակոբյանի այն կարծիքին, որ աշխատավարձը պետք է դիտարկել որպես տնտեսական կատեգորիա, սակայն խոսելով նվազագույն աշխատավարձի մասին` Սաֆարյանը ասաց. «Այդ նվազագույն 35.000 դրամը նույնպես ֆիքսված չէ, անհրաժեշտ է այդ գումարից գոնե հարկումներ չկատարել»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































