Հունաստանը ստիպված կլինի դեֆոլտ հայտարարել արդեն 2012-ի նոյեմբերին, եթե միջազգային վարկատուները՝ Եվրամիությունը, Եվրոպական կենտրոնական բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը, հավանության չարժանացնեն Աթենքին հերթական վարկային տրանշի տրամադրումը: Reuters-ի փոխանցմամբ` նման հայտարարություն է արել Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը:
«Մեզ համար առանցքային են լիկվիդային միջոցները, ահա թե ինչու է այդքան մեծ նոյեմբերի վերջից ոչ ուշ ևս մեկ վարկային տրանշի ստացման անհրաժեշտությունը, այլապես Հունաստանը կմնա առանց գումարի»,- ասել է վարչապետը գերմանական մամուլի հետ հարցազրույցում:
Սամարասի կարծիքով՝ Հունաստանի պարտքային բեռը կարող է թուլանալ, եթե Եվրոպական կենտրոնական բանկը, որը Հունաստանի պարտքի կրողն է, մեղմացնի վարկավորման պայմանները՝ համաձայնելով նվազեցնլ հունական պարտատոմսերի տոկոսադրույքները կամ հետաձգել դրանց մարման ժամկետները:
«Ես նաև չեմ բացառում հունական բանկերի վերակապիտալացման տարբերակը, ինչը ներկայում արվում է Իսպանիայի հարցում: Այդ դեպքում միջոցները կներդրվեն բանկային ոլորտում հենց անմիջապես Եվրոպական կայունացման մեխանիզմի միջոցով՝ առանց եռյակի օգնության, ինչը զգալի թեթևացում կլինի Հունաստանի պարտքային բեռի համար»,- կարծում է Սամարասը:
2012-ի հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Հունաստանում անհաջողությամբ են ավարտվել միջազգային վարկատուների եռյակի հետ բանակցությունները՝ 2013-2014թթ. ծախսերը 2 մլրդ եվրոյով կրճատելու վերաբերյալ: Եռյակի փորձագետները վստահ չեն կառուցվածքային բարեփոխումներում որոշ միջոցառումների արդյունավետության հարցում:
Վարկատուներին մտահոգել են առողջապահական համակարգում փոխակերպումները: Սակայն բանակցությունների ընթացքը դրական է. համաձայնագրերի ստորագրումը սպասվում է այս շաբաթվա վերջին:
Եթե հոկտեմբեր 8-ին կողմերը համաձայնության չգան, Հունաստանը կհայտնվի ավելի քան 30 մլրդ եվրո ծավալով ֆինանսական օգնության հերթական տրանշը ստանալու հարցում մերժվելու ռիսկի տակ:










































