Վերջին մի քանի տարիների ընթացքում միջազգային դեղարտադրողների մոտ գների էական աճ չի արձանագրվել, ՀՀ կառավարությունն էլ ձեռնարկել էր մի շարք միջոցառումներ՝ հեշտացնելու համար դեղերի ներմուծումը, մասնավորապես հեշտացվել է երրորդ երկրների միջոցով դեղեր ներմուծելը, ինչը պետք է ազդեր գների նվազման վրա: Սակայն 55 ներկրողներ, որոնք ներկրել են 50-ից ավելի անուն դեղորայք, ոչ թե էժանացրել են դեղերը, այլ հակառակը՝ թանկացրել՝ իրենց համար ապահովելով գերշահույթներ: Այս մասին այսօր՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփելու ժամանակ, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Ըստ նրա՝ այն, որ պետությունը մինչ այս գնագոյացման գործում ոչ մի միջամտություն չի ցուցաբերել՝ բերել է կամայական գների ձևավորման:
Դումանյանը հայտնեց, որ նախարարության կողմից դեղերի գրանցումը, վերագրանցումը պետք է ավելի հեշտացվի, օրինակ՝ դեղերի գրանցման գործընթացը տևում է 180 օր՝ 6 ամիս, ինչը չի նպաստում դեղերի ներմուծմանը: Արդյունքում բավական շատ է չգրանցված դեղերի ներմուծումը:
Նախարարն «անհանգստացնող» անվանեց դեղորայքի որակը: Նրա խոսքով, ներկրումից հետո պետք է մինչև սպառողին հասնելը ապահովվի դրա անվտանգությունը: Դեղերի փորձաքննության կենտրոնը սահմանի վրա որոշում է դրանց պիտանելիությունը, հետո թույլատրվում է ներմուծումը: Սակայն մաքսային պահեստները չունեն անհրաժեշտ պայմաններ դեղորայքի պահպանման համար: «Այս ոլոտում բացակայում է վրահսողության լիարժեք մեխանիզմը»,- արձանագրեց Դ. Դումանյանը:
Նրա կարծիքով, անվճար դեղորայքի տրամադրումը պետք է դարձնել հասցեական՝ տրամադրել հատուկ կարիքավորներին, սոցիալական խմբերում ներառվածներին: Օրինակ՝ «Փարոս» խմբերում ընդգրկված 30 և ավելի բալ ունեցող մարդկանց այդ ցուցակներում չեն ներառել, իսկ հաշմանդամության խմբերին տրամադրվում է անվճար դեղորայք՝ առանց սոցիալական խումբը հաշվի առնելու:
«Այս օրերին շատ քննարկվեց գնումների հետ կապված խնդիրը, որը մեզ ևս խիստ անհանգստացնում է: ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 134 բուժհիմնարկներից 109-ը մրցույթ ընդհանրապես չեն իրականացրել, և առանց մրցույթի են գնումներ արել, ինչը բերել է 50-100% գների աճի»,- հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ այդ հիմնարկների ղեկավարների մի մասը չի իմացել, որ պետական գնումների միջոցով պետք է դեղեր գնեն, և այստեղ նրանց իրավական կրթության մակարդակի բարձրացման հարց կա:
Դիմելով հիվանդներին՝ Դ. Դումանյանը նշեց, որ բժիշկների անվճար սպասարկումը չի կարող տարվա կեսին ավարտվել, քան որ տարվա կտրվածքով պատվիրվում է համապատասխան աշխատանք, համապատասխան վճարի դիմաց՝ ըստ ամիսների:
Դ. Դումանյանը կարևորեց տարածքների համաչափ զարգացումը, համահարթեցումը, նա ընդգծեց, որ բժիշկների սուր պակաս կա մարզերում, մարզերից դեպի Երևան հիվանդների հոսքի խնդիր է առկա: Որպես ձեռքբերում՝ նա նշեց այն, որ տարբեր կարգի հիվանդանոցներում նույն տեսակի բուժծառայության դիմաց սահմանված տարբեր սակագները հրամանով համահարթեցվել են:






































