Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում քննարկվել է տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ներման հարցը: Ինչպես և հայտարարվել էր նախապես, քննարկումների արդյունքներով չպետք է ընդունվեր որևէ փաստաթուղթ:
ԵԽԽՎ-ի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Քրիստոֆեր Չոպը հայտարարել է, որ տվյալ հարցի քննարկման մասին առաջարկը ստացվել է նախորդ ամիս: Նա դատապարտել է սպանությունը և առաջարկել է օրենքի գերակայության համատեքստում քննարկել Սաֆարովի արտահանձնման ու ներման հարցը:
Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Սաֆարովի արտահանձնումն իրականացվել է դատապարտյալների հանձնման մասին Ստրասբուրգյան կոնվենցիայի 12-րդ հոդվածի հիման վրա, ինչը ԵՄ-ի արժեքներին ու ոգուն համապատասխանելու տեսանկյունից դրա վերանայման անհրաժեշտություն է առաջացնում:
Քննարկումների ընդհանուր տոնը վկայել է Սաֆարովի ազատ արձակումը դատապարտելու մասին: Ավելին, մի շարք պատգամավորներ անգամ կտրուկ հայտարարություններ են արել: Օրինակ՝ ֆրանսիացի պատգամավոր Ռոշբուլանը քննադատել է Հունգարիային՝ Սաֆարովին Ադրբեջանի իշխանություններին արտահանձնելու համար: Նա հռետորական հարց է բարձրացրել. «Ինչպե՞ս կարելի է հավատալ այդ նավթային մագնատին»:
Քննադատվել է նաև Սաֆարովի հերոսացումը: Նիդերլանդները ներկայացնող պատգամավոր Կոկսը (Կոխ) հայտարարել է Ստրասբուրգյան կոնվենցիայի էության խախտման մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է վերանայի իր որոշումը: Նա հավելել է, որ նրանք, ովքեր չեն դատապարտում Ադրբեջանի իշխանությունների գործողությունները, չեն հարգում ԵՄ-ի արժեքները:










































