Սիրիան Թուրքիայի հետ սահմանն ահաբեկիչներից պաշտպանելու կոչ է արել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին, ով կարդացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Նա նշել է, որ Սիրիան տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում միշտ առաջնորդվում է ազգային ինքնիշխանության և բարիդրացիական հարաբերությունները հարգելու սկզբունքով:
Ջաֆարին հայտնել է, որ Դամասկոսն արդեն սկսել է քննել թուրքական Ակչակալե քաղաքի հրաձգության հանգամանքները:
Այս քաղաքում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել, 13-ը վիրավորվել են:
Դամասկոսն արդեն Թուրքիայից ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար:
Հիշեցնենք, որ նախորդ օրը Սիրիան Հալեպում տեղի ունեցած ահաբեկչությանն արձագանքելու խնդրանքով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:












































