Առողջապահության նախարարությունում օրերս հրավիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանն առողջապահության ոլորտում իրավիճակը «բացարձակ խայտառակություն» էր որակել: Շշուկներ կան, որ այստեղ ևս չեն բացառվում ձերբակալությունները, հատկապես, որ սա նախկին ԲՀԿ-ական նախարարություն է: Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո «Առաջին լրատվական»-ը զրուցեց առողջապահության նախարար, ՀՀԿ գործկոմի անդամ Դերենիկ Դումանյանի հետ:
– Պարոն նախարար, երբ կառավարության հայտնի նիստում Սերժ Սարգսյանը Ձեզ դիմեց Դերո-ով, ասում էին, որ Դուք շատ ծանր եք տարել դա…:
– Սխալ են ասում:
– Թեթե՞ւ եք տարել:
– Շա~տ:
– Պարոն Դումանյան, Ձեր տղան դարձավ ԱԺ աշխատակազմի ղեկավար: Նման պատասխանատու պաշտոնում երիտասարդի նշանակումը մեկնաբանվեց, որ Ձեր շնորհիվ դա եղավ: Չե՞ք կարծում, որ դա պաշտոնական դիրքի չարաշահում էր:
– Իհարկե չեմ կարծում: Դուք ինքներդ ժամանակի ընթացքում կհամոզվեք` նա արժանի՞ էր այդ պաշտոնը զբաղեցնել, թե՞ ոչ:
– Արժանիներ միգուցե շատ կան, բայց ինչո՞ւ հենց Ձեր տղան ընտրվեց:
– Հարցրեք նշանակողին:
– Նախարարությունում նախագահի վերջին խորհրդակցության ժամանակ բավական կոշտ տոնայնությամբ նկատողություններ եղան: Հնարավո՞ր է Ձեր ղեկավարած նախարարությունում ևս աշխատանքից ազատելու դեպքեր կամ ձերբակալություններ լինեն:
– Չեմ կարող ասել: Գիտեք, պատկան մարմիններն են ուսումնասիրություններ իրականացնում: Կարծեմ թե դեռ չեն ավարտել:
– Ասել է թե` այնուամենայնիվ Ձեր ղեկավարած նախարարությունում ուսումնասիրություններ կա՞ն գործ հարուցելու հետ կապված:
– Իսկ ինչի՞ պետք է գործ հարուցելու հետ կապված լինի: Ուսումնասիրությունները միայն գործ հարուցելո՞ւ հետ են կապված լինում: Դրանք սովորական, աշխատանքային խնդիրներ են, որ մենք ուսումնասիրում ենք, և գնումների գործընթացը, և մնացած բոլոր հարցերը: Դուք նշեցիք խորհրդակցության մասին, էնտեղ հնչեցրած հարցերի կապակցությամբ են:
– Կոնկրետ ո՞ր մարմիններն են ուսումնասիրություն կատարում: Նախագահի վերահսկողական ծառայությո՞ւնը:
– Նաև իմ կողմից ստեղծված հանձնաժողովը:
– Այսօր տեսակետներ կան, որ կոնկրետ Ձեր ղեկավարած նախարարությունը, ինչպես նաև քաղաքաշինությունն ու սոցապը թիրախ են դարձել, քանի որ դրանք ԲՀԿ-ական նախարարություններ են եղել, և այսօր փորձ է արվում ինչ-որ գործեր հանել ԲՀԿ դեմ:
– Չէ՛, սխալ կարծիք է ձևավորվել բոլորի մոտ: Նման բան լինել չի կարող: Դուք լսեցիք հանրապետության նախագահի ասածը, որ մեր ազգաբնակչության մեկ երրորդը դժգոհ է առողջապահական ծառայությունից: Մենք հիմա ցանկանում ենք բացահայտել պատճառները, թե որոնք են այն պատճառները, որ մեր ազգաբնակչության մեջ դժգոհություններ են առաջացնում, և աշխատենք վերացնել դրանք:
– Այդ դժգոհությունները գրեթե միշտ են եղել: Դուք հիմա ուզում եք հասկանալ` սխալ կառավարման արդյո՞ւնք է դա եղել, թե՞ ոչ:
– Դժգոհությունը միշտ եղել է, բայց ոչ այս չափերի: Խնդիրը վերաբերում է չափերին, որ մարդը պետության կողմից տրամադրված միջոցներից չի օգտվում, չի զգում, որ այդ միջոցներն իր համար հատկացված են, որ պետպատվեր գոյություն ունի, անվճար դեղորայք գոյություն ունի: Սրանք այն հարցերն են, որ նաև ինձ են անհանգստացնում: Մեր թեժ գծի վերլուծությունը նաև դա է ցույց տալիս, որ մեր ազգաբնակչությունը դժգոհ է մեր ծառայություններից, որ դեռևս շարունակվում են ոչ օֆիցիալ վճարներ գանձել մեր հիվանդներից: Մենք ցանկանում ենք դրանք բացահայտել, և միանշանակ դրանք պետք է վերացվեն: Չպետք է նման երևույթներ լինեն:
– Դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ դրանք կվերացվեն, որովհետև միշտ ուզել են վերացնել, բայց չեն վերացրել:
– Դե հիմա, ես պետք է աշխատեմ էնպես անել, որ վերացնենք: Թե քանի տոկոսով դա ինձ կհաջողվի, չեմ կարող ասել, նաև բոլորի օգնությունը պետք է լինի: Միայն նախարարով կամ նախարարությունով դժվար կլինի: Պետք է քաղաքացին օգնի, լրագրողներն օգնեն, հասարակությունն օգնի, ՀԿ-ներն օգնեն: Ամեն դեպքում դա իմ երազանքն է:
– Ասացիք, որ Դուք նախարարությունում հանձնաժողով եք ստեղծել, ի՞նչ է հայտնաբերել մինչ այժմ ձեր ստեղծած հանձնաժողովը:
– Հենց ամփոփենք, տվյալները ձեզ կտրամադրենք:
– Աղաղակող փաստեր հայտնաբերվե՞լ են:
– Մենք հիմա հայտնաբերման ճանապարհին ենք, պատճառների հայտնաբերման ճանապարհին:
– Ասել է թե` բացահայտումները վերաբերում են Ձեր նախորդի՞ն` ԲՀԿ-ական նախարարի՞ն: Կան շշուկներ, որ հնարավոր է այդ ժամանակ պաշտոնավարածների մեջ էլ ձերբակալություններ լինեն:
– Որևէ նշանակություն չունի: Դուք ինքներդ նշեցիք, որ տասնյակ տարիներ կուտակված խնդիրներ ենք բարձրացնում: Բոլոր ժամանակներում եղել են նման դժգոհություններ, եղել է, որ մարդիկ դժգոհ են եղել և բուժսպասարկման որակից, և ապօրինի գումարներ գանձելուց և այլն: Էտ հարցերը որևէ նախարարի մեղքով չի: Դրանք ինքնըստինքյան հավաքվել, կուտակվել են և հիմա մեծ մասշտաբների են հասել: Էս է խնդիրը:
– Ուզում եք ասել` ԲՀԿ-ական նախարարի դեմ չէ՞ այդ ամենը:
– Բոլորովին, ինչի մասին է խոսքը: Ես էդպես եմ կարծում:










































