Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այսօր իր համակիրներին կոչ է արել դադարեցնել փողոցային ակցիաները, որոնք վիճարկում են մի շարք ընտրական հանձնաժողովների վիճելի որոշումները:
Լրագրողների հետ զրույցում Իվանիշվիլին հայտարարել է. «Մենք արդեն ընդդիմություն չենք, մենք իշխանություն ենք: Սովորաբար ընդդիմությունն է դուրս գալիս փողոցներ: Իմ խնդրանքն ու կոչն է՝ վե՛րջ դրեք բոլոր ակցիաներին, վերադարձեք տները: Բոլոր վեճերը կլուծվեն խորհրդարանում և դատարաններում:
Մտահոգ են և՛ ԱՄՆ-ը, և՛ Եվրոպան: Մեզ պետք չեն փողոցային ակցիաները, առավել ևս, որ մեր ժողովուրդը հերոսություն է ցուցաբերել: Առավելագույնը մինչև ամսվա վերջ մեզ ժամանակ է պետք` ավարտելու տեխնիկական ընթացակարգերը և պաշտոնապես գալու իշխանության: Դրանից հետո մենք կձևավորենք նոր կառավարություն»:











































