Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը բացելու է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այդպես է նախատեսված նոր կանոնադրության 120-րդ հոդվածով, որն ուժի մեջ կմտնի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակման օրվանից:
Ապա պետության առաջին դեմքը խոսքը կփոխանցի ամենատարեց պատգամավորին, ով կվարի խորհրդարանի նիստը՝ մինչև ընտրվի խորհրդարանի խոսնակ: Նիստին պետք է ներկա գտնվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: Նիստին կարող են հրավիրվել պատրիարքն ու բարձրաստիճան հոգևորականներ, Սահմանադրական և Գերագույն դատարանների ղեկավարները և այլք:
Խորհրդարանի ողջ կազմի նվազագույնը 2/3-ի լիազորությունների ճանաչումից հետո պատգամավորները երդում կտան: Առաջին նիստում քննարկվելու են խորհրդարանի խոսնակի ու նրա տեղակալների ընտրության հարցը, խորհրդարանական հանձնաժողովների ստեղծման ու նրանց ներկայացուցիչների ընտրման հարցերը:
Վրաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-ից ոչ ուշ:









































