Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն այսօր անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին` առանձնացնելով երկու կարևոր փաստ. նախ` Վրաստանում նախընտրական շրջանում իրադրությունը բևեռացված էր և շատ լարված, երկրորդ` նոր քաղաքական պայքար էր, որ մղվում էր մի կողմից՝ պաշտոնավարող նախագահի, կառավարական ուժերի և մյուս կողմից՝ մասնավոր հարստության միջև, այլ կերպ ասած`պայքարը տեղի էր ունենում գործող նախագահի և հարուստ օլիգարխի միջև:
Ընտրությունները, Ռիչարդ Կիրակոսյանի դիտարկմամբ, հետաքրքիր էին նրանով, որ ներգրավված էին 14 քաղաքական կուսակցություններ:
Կառավարող «Միավորված ազգային շարժում» կուսակցությունը նախորդ ընտրություններին ուներ մանդատների մեծ մասը, սակայն այս անգամ պարտություն կրեց, և հաղթեց «Վրացական երազանք» դաշինքը, որը ղեկավարվում և գլխավորվում է Իվանիշվիլիի կողմից:
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերով, Իվանիշվիլիի հետ կապված՝ հետաքրքիրն այն է, որ նա կարողացավ համախմբել և ֆինանսավորել 6 ընդդիմադիր կուսակցությունների: Հետաքրքիր է այն փաստը, որ ընդդիմությունը միավորված էր Սաակաշվիլիի դեմ պայքարում, և դա է պատճառը, որ գոյություն ունեն լուրջ հակասություններ, քանի որ «Վրացական երազանք» շարժման մեջ ընդգրկված են ազգայնականներ, լիբերալներ, բայց նրանք միավորվել են Սաակաշվիլիի դեմ, և հաղթանակից հետո էլ նրանց միջև հակասությունները շարունակվելու են:
Ըստ նրա` կարևոր հանգամանք է այն, որ ընտրությունները կորոշեն Վրաստանի ապագան:
Ռիչարդ Կիրակոսյանը նաև նշել է, որ 2010 թ. իրականացված սահմանադրական փոփոխությունները Վրաստանում ուժեղացրել են պառլամենտն ու վարչապետին և թուլացրել են նախագահի լիազորությունները: Սակայն այս փոփոխությունները ուժի մեջ կմտնեն միայն հաջորդ նախագահական ընտրություններից հետո:
Արդյունքը, ըստ նրա, շատ վրացիների համար զարմանալի էր: Շատ քչերն էին սպասում, որ իշխանությունը այդքան քիչ մանդատ կստանա:
Բայց ընդդիմության հաղթանակի համար իրական շարժառիթը սեպտեմբերի 19-ի տեսանյութն էր, որտեղ ցուցադրվեցին վրացական բանտերում առկա չարաշահումները, ինչը թուլացրեց կառավարությանը և ուժեղացրեց ընդդիմությանը:
Ընտրությունները Վրաստանում, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, կարող են կաևոր ազդեցություն ունենալ Հայաստանի համար։
Առաջին` իշխանության գլուխ գտնվող կուսակցությունը, որը մեծամասնություն էր կազմում, ակնհայտորեն պարտություն կրեց, և սա վկայում է այն մասին, որ գործող իշխանությունը չպետք է չափից ավելի ինքնավստահ լինի։
Երկրորդ` չպետք է անտեսել փոփոխություններին ուղղված քաղաքացիական պահանջները, ինչը ցույց է տալիս Վրաստանում ժողովրդավարության ուժը: Նախագահ Սաակաշվիլին նախկինում գլխավորում էր հասարակական կարծիքը և ձևավորում այն, իսկ ներկա ընտրությունների արդյունքները փաստում են, որ նա չի ձևավորում կարծիք, այլ հետևում է դրան: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ կառավարությունը, իշխանությունը չպետք է անտեսեն փոփոխությունների ուղղված հասարակական պահանջը:
Երրորդ` այն ինչ տեղի է ունենում Վարստանում, ավելի պատմական իրողություն է. տարածաշրջանում առաջին դեպքն է, երբ իշխանությունները պարտություն են կրում, և տեղի է ունենում խաղաղ անցում:
Չորրորդ` Վրաստանը իրականում նման է Հայաստանին, նմանությունն այն է, որ թե՛ այնտեղ, թե՛ այստեղ գոյություն ունի առողջ պայքարի մթնոլորտ: Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով` դա այսօր տեսում ենք ԱԺ-ում, որն արտահայտվում է Հրանտ Բագրատյանի և Նիկոլ Փաշինյանի միջոցով. ընդդիմությունը մարտահրավեր է նետում իշխանությանը: Այլ կերպ ասած՝ Հայաստանում քաղաքական մրցակցությունը հենց համակարգի ներսում է:
Կարևորն այն է, թե ինչ հարևան կունենա Հայաստանը հյուսիսում, Վրաստանում փոփոխություններն արտաքին քաղաքականության մեջ նշանակալի կլինեն Հայաստանի համար: Մենք պետք է ակնկալենք, որ Վրաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը ուղղված կլինի Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, ինչը կօգնի Հայաստանին:
Հայաստանն ավելի մեծ ինստիտուցիոնալ կայունություն ունի, քան հարևանները։ Վրաստանը հաջողություն գրացեց իշխանության փոխանցման մեջ, սակայն մյուս հարևանը` Ադրբեջանը, հետ է մնում և, ինչպես Սաֆարովի գործով փաստվեց, ուղղակի սպառնալիք է տարածաշրջանի համար:
Հաշվի առնելով առկա զարգացումները և իշխանությունների փոխանցումը Վրաստանում՝ մեր կառավարությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Հայաստանի զարգացումներին, իսկ իշխող կուսակցությունները պետք է հասկանան, որ չպետք է անտեսեն հասարակական փոփոխությունների պահանջը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































