Թուրքական Haberler.Com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերն այսօր վերսկսել են Սիրիայի տարածքի հրետակոծումը: Վերջինս մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 06.45-ին: Սա արդեն Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի հրետակոծման երկրորդ դեպքն է այն բանից հետո, ինչ երեկ երեկոյան Սիրիայի տարածքից արձակված արկն ընկավ Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Աքչաքալեի շրջանում:
Թուրքական կողմի պնդմամբ՝ երեկ երեկոյան Թուրքիայի տարածքը հրետակոծել է Սիրիայի կառավարական բանակը՝ թեև Թուրքիային սահմանակից Սիրիայի շրջաններում արդեն երկու շաբաթ է, ինչ կատաղի մարտեր են ընթանում կառավարական բանակի ու ապստամբների միջև: Այսօր Թուրքիայի խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, երկրի կառավարությանը կարտոնի անդրսահմանային օպերացիաներ ձեռնարկել Սիրիայի դեմ:









































