ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Հայաստանում դեղամիջոցների խոշոր ներմուծող «Նատալի Ֆարմ» ընկերության դեղամիջոցների շրջանում տեսչական ստուգումներ են նախատեսվում:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ առողջապահության ոլորտում պետական վերահսկողության մեխանիզմների, բուժօգնության մատչելիության ապահովման և դեղորայքային քաղաքականության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ հրավիրված խորհրդակցությունից հետո ՀՀ առողջապահության նախարարի հրամանով տեսչական ստուգումներ են նախատեսված նաև Սամվել Ալեքսանյանի՝ Հայաստանում դեղամիջոցների խոշոր ներմուծող «Նատալի Ֆարմ» ընկերությունում: Ըստ մեր հավաստի աղբյուրի՝ նախարարությունը տեղեկություններ ունի այդ ընկերության կողմից շուկա ներմուծած կեղծ դեղամիջոցների վերաբերյալ: Հայտնի է նաև, որ «Նատալի ֆարմ» ընկերութան ներկրած որոշ դեղամիջոցներ վաճառվում են ուռճացված գներով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը զեկուցել էր առողջապահության ոլորտում պետական գնումների գործընթացի և, ընդհանրապես, դեղերի շուկայում տիրող իրավիճակի մասին ս.թ. սեպտեմբերի 19-26-ն ընկած ժամանակահատվածում ծառայության կողմից կատարված ուսումնասիրությունների հիմնական արդյունքները՝ այդ թվում մի շարք ուղղություններով արձանագրված չարաշահումները: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առողջապահության ոլորտում իրավիճակը բացարձակ խայտառակություն էր որակել՝ խստորեն քննադատելով ոչ միայն ՀՀ առողջապահության նախարարության, այլ նաև պետական մի շարք այլ մարմինների պատասխանատուների անգործությունը: Խորհրդակցության ժամանակ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել էր ՀՀ կառավարությունում նախագահի հրավիրած նախորդ խորհրդակցության ժամանակ արված դիտողություններից հետո նախարարության կողմից առանձնացված՝ առողջապահության ոլորտի առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները:










































