«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեղադրել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային կիսապաշտպան Աբու Դիաբիի ստացած վնասվածքի պատճառով:
«Զինագործներ»-ի հենակետային կիսապաշտպանն անցած մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 5 հանդիպումների, իսկ ընթացիկ առաջնության մեկնարկում շարքից դուրս է մնացել 3 շաբաթով:
Վենգերը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային մեղադրում է Դիաբիի վնասվածքի ռեցիդիվի պատճառով: Ըստ մասնագետի` ֆուտբոլիստը դեռևս չէր հասցրել վերականգնվել, իսկ ֆեդերացիան նրան հավաքական է հրավիրել:
«Ես բազմիցս նշել եմ` եթե Ֆրանսիան ցանկանում է Դիաբիին խաղադաշտում տեսնել Իսպանիայի հետ կայանալիք խաղում, ապա չի կարելի նրան հայտավորել Ֆինլանդիայի և Բելառուսի հետ հանդիպումներին:
Նրան անհրաժեշտ էր տրամադրել առնվազն մեկ շաբաթ հանգիստ: Կարծում եմ` դա մեծ սխալ էր: Իհարկե, նրա վնասվածքը հնարավորություն է տալիս այլ ֆուտբոլիստներին դրսևորել իրենց ունակությունները, բայց ցանկացած դեպքում սա մեծ կորուստ է մեզ համար»,- հայտարարել է մասնագետը:










































