Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ միությունը հանդես է գալիս «Արևելյան գործընկերության» անդամ երկրների հետ փոխգործակցության ընդլայնման օգտին:
Trend-ի փոխանցմամբ, նա այս մասին խոսել է Վիշեգրադյան քառյակի ու «արևելյան գործընկերության» անդամ երկրների արտգործնախարարների համատեղ նիստից հետո:
Էշթոնը շեշտել է. «Պետք է ակտիվացնել Եվրամիության համագործակցությունը ծրագրի անդամ երկրների հետ, խրախուսել նրանց ինտեգրացիոն նկրտումներն ու տնտեսական բարեփոխումները, իսկ գործողությունների կոնկրետ նախագծերը ամրապնդում են համագործակցությունը»:
Նրա կարծիքով, արդեն հիմա ակնհայտ է, որ «Արևելյան գործընկերությունը» համագործակցության շահավետ ձև է ինչպես պետական, այնպես էլ ոչ կառավարական մակարդակներում, ինչպես նաև գործարար ոլորտում:
«Եվրամիությունը հետագայում ևս շարունակելու է աշխատել «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ոչ կառավարական կազմակերպությունների հետ, որպեսզի «Քաղաքացիական հասարակության ձայնը ուժեղ լինի»,- ասել է Քեթրին Քշթոնը: