ԱՄՆ-ը պետք է շտապ քայլեր ձեռնարկի պետական բյուջեի դիֆիցիտը կրճատելու համար, հակառակ դեպքում` մոտակա 10 տարում երկիրը տնտեսաական ցուցանիշներով կհավասարվի Հունաստանին, որը շատ ծանր ճգնաժամ է ապրում: Այս մասին այսօր հայտարարել է աշխարհի խոշորագույն PIMCO բաժնետիրական ներդրումային ֆոնդի հիմնադիր և ղեկավար Բիլլ Գրոսսը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Նրա խոսքով` վերջին ժամանակներս բյուջետային ծախսերի ավելացման պատճառով Ամերիկայի տնտեսության հիմնական ցուցանիշները կարող են վատթարանալ մոտ ժամանակներս: Երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները լրացուցիչ դոլարային թողարկմամբ հնարավոր չէ լուծել, ասել է փորձագետը:
Նրա կարծիքով` Վաշինգտոնը պարտավոր է արագորեն լուծել պետական պարտքի խնդիրը: Հակառակ դեպքում` բաժնետոմսերն ու պարտքի պարտավորությունները կարելի կլինի «պարզապես այրել:»
Վերջին 4 տարիներին ԱՄՆ-ի բյուջետային դիֆիցիտը հասել է տարեկան ավելի քան 1 տրիլիոնի, երկրի պետական պարտքն ավելացել է գրեթե 50 տոկոսով:









































