Իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ անկումը վկայում է Իսլամական Հանրապետության տնտեսական անկման մասին,- գրում է NEWSru Israel գործակալությունը: Իսրայելի ղեկավարությունը փորձում է համոզել, որ միջազգային պատժամիջոցները կարող են դառնալ արդյունավետ միջոց այաթոլլայի վարչակարգի միջուկային ծրագրի դեմ:
Ինչպես գրում է իսրայելական «Մաարիվ» թերթը, կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն և արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը փորձում են համոզել Եվրամիությանը ընդունել նոր, չափազանց խիստ պատժամիջոցներ: Դա կնախատեսի Իրանի դեմ լիարժեք առևտրական էմբարգո և Իրանի ֆինանսական համակարգի մեկուսացում, ինչը կհանգեցնի տնտեսական փլուզման:
Իսրայելի վարչապետը պատրաստվում է այցելել Բեռլին, Փարիզ և Լոնդոն՝ եվրոպական երկրների առաջնորդներին համոզելու նման քայլի անհրաժեշտությունը: Ընդ որում, Էմբարգոն պետք է վերաբերվի նաև առաջին անհրաժեշտության ապրանքներին:
Երուսաղեմում հույս ունեն, որ կենսամակարդակի կտրուկ նվազումը կարող է ստիպել իրանցիներին հանդես գալ իշխանությունների դեմ:
Մեկ օրում իրանական արժույթի փոխարժեքն ընկել է 20 տոկոսով և մեկ տարում ռիալը կորցրել է իր արժեքի 80 տոկոսը: Ըստ փորձագետների՝ այդ անկումը պայմանավորված է միջազգային պատժամիջոցներով և իշխանությունների տնտեսական քաղաքականության հանդեպ իրանցիների վստահության կորստով:








































