Հոկտեմբերի 1-ին The New York Times պարբերականում հրապարակվել է հայտարարություն՝ իսրայելա-պաղեստինյան համադաշնություն և համատեղ խորհրդարան ստեղծելու վերաբերյալ: Դրանում ասվում է, որ անհրաժեշտ է սկսել պատգամավորների 1500 թեկնածուների ընտրությունը հակամարտության երկու կողմերից:
Նախաձեռնությունն արվել է ծնունդով իսրայելցի, այժմ Կալիֆոռնիայում ապրող փաստաբան Յոսեֆ Ավեսարի կողմից և հավանության արժանացել Իսրայելի նախկին արտգործնախարար Շլոմո Բեն-Ամիի և Պաղեստինի ինքնավարության ազգային խորհրդի անդամ Հաննա Սինիորայի կողմից:
Համատեղ իսրայելա-պաղեստինյան խորհրդարանի ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերի 12-ին, և Համադաշնության կայքը 21 տարեկանից բարձր իսրայելցիներին և պաղեստինցիներին կներկայացնի պատգամավորների կամ նախագահի թեկնածուներին: Խորհրդարանում կընդգրկվի 300 անդամ, որոնք կընտրվեն Իսրայելի և Պաղեստինի տարածքների 300 ընտրատարածքներում: Թեկնածուները պետք է առցանց հայտարարեն՝ իրենք Իսրայելի՞, թե՞ Պաղեստինի բնակիչ են:
Համատեղ խորհրդարանը նախատեսված չէ գոյություն ունեցող իսրայելական և պաղեստինյան օրենսդիր մարմիններին փոխարինելու համար և այլ նպատակ ունի՝ օգնել կրճատելու կողմերի միջև անդունդը: Ապագա խոհրդարանի սահմանդրության համաձայն՝ օրենքները կընդունվեն երկու կողմերի մասնակցությամբ:
Առայժմ հայտնի չէ՝ որտեղ խորհրդարանը կհավաքվի ընտրվելուց հետո: Իսրայելա-պաղեստինյան սահմանադրության առաջին հոդվածի համաձայն՝ նախատեսվում է միայն, որ «խորհրդարանի օրենսդրական նստաշրջանի ժամանակը, տեղն ու մեթոդը և քվեարկության մեխանիզմը կսահմանվեն խորհրդարանի կողմից»:








































