Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հակադարձել է խորհրդարանում երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի արած այն հայտարարությանը, թե կալանավորված պատգամավորները պետք է գտնվեն խորհրդարանում և մասնակցեն նրա գործունեությանը՝ մինչև նրանց նկատմամբ վերջնական դատավճռի կայացումը:
Այս կապակցությամբ Էրդողանը հայտարարել է. «Ես չեմ ցանկանում այս հարցի շուրջ բանավեճի մեջ մտնել մեր հարգելի նախագահի հետ, սակայն ակնհայտ է, որ այս հարցին մենք վերաբերում ենք տարբեր կերպ: Դրանք այն մարդիկ չեն, ովքեր պետք է գտնվեն խորհրդարանում: Օրինակ՝ առաջին ատյանի դատարանը նրանցից մեկին դատապարտել է 18 տարվա ազատազրկման, հետևաբար իմաստ չունի այդքան երկար սպասելը»:









































