Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) հարցապնդում է ներկայացրել արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին՝ ընդգծելով, որ նա վարում է վտանգավոր ու արկածախնդիր քաղաքականություն:
ԺՀԿ-ն, մասնավորապես, դատապարտել է Սիրիայի հարցում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը, որը վերաբերում է սիրիացի ապստամբներին բացեիբաց աջակցություն ցուցաբերելուն. «Սիրիայում ստեղծվել են բազմաթիվ զինված խմբեր, որոնք գրավում են երկրի շրջանները, ինչը կարող է մի կողմից՝ մասնատելՍիրիան, իսկ մյուս կողմից էլ՝ սպառնալիք ստեղծել Թուրքիայի անվտանգությանը:
Հայաստանի հետ մի շարք արձանագրություններ ստորագրեցինք, սակայն անբավարար նախապատրաստական աշխատանքների պատճառով դրանք վատ անդրադարձան Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա՝ լարվածություն առաջացնելով դրանցում: Արդյունքում, այդ արձանագրություններն էլ կյանքի չկոչվեցին:
Մեր ազգային հեղինակության վրա բացասաբար անդրադարձավ նաև Իսրայելի հետ հարաբերությունները զրո մակարդակի իջեցնելը, ինչի պատճառը մեր 9 քաղաքացիների սպանությունն էր: Թուրքիան դրանով զրկվեց նաև արաբա-իսրայելական հակամարտությունում միջնորդական առաքելություն կատարելու հնարավորությունից: Բացի այդ, մենք ավելի հեռացանք ԵՄ-ից: Այս ողջ քաղաքականության ճարտարապետն արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն է»:











































