«Սիվիլիթաս» հիմնադրամի և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի անձի շուրջ վերջին ժամանակներս կատարվողը փոթորիկ է ոչ թե մեկ բաժակ ջրում, այլ փոթորիկ մատնոցում. այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ինքը՝ Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ այս ամենը քաղաքական հետապնդում է ոչ միայն իր, այլև ԲՀԿ-ի դեմ, որը կարող է լուրջ այլընտրանք դառնալ գործող իշխանությանը:
«Կարծես վերադարձել ենք 1937 թվականին՝ ստալինյան օրերին: Այն ժամանակ ասում էին՝ մարդ գտնվի, հոդված էլ կգտնվի: Բայց ես ուզում եմ ասել, որ ես Հայաստանից փող չեմ տարել, այլ միայն դրամական շնորհներ եմ բերել: Ես «ատկատների» մեջ խառը չեմ: Իմ աչքը կուշտ է, և Հայաստան տեղափոխված առաջին իսկ տարվանից ապրել եմ ազնիվ միջոցներով, երբեք բիզնես ունենալու մղում չեմ ունեցել»,- ասաց նա՝ պնդելով, որ փողերի լվացման մասով իրեն ներկայացված մեղադրանքներն անհիմն ու անտեղի են:
«Մարդ է, կարող է սխալվել, բայց 10 տարվա արտգործնախարարին մի՞թե կարելի է նման կերպ վերաբերվել: Ես այստեղ նստած՝ լսում ու վիրավորվում եմ, թե ինչ է իմ մասին խոսվում: Փողերի լվացման մասին ծանուցումն ուղարկվում է ոչ թե ինձ, այլ իմ 22-ամյա աշխատակցուհուն, որը ահաբեկված գալիս ու ասում է ինձ, որ այդպիսի բան կա: Մի՞թե բանն այստեղ է հասել»,- հռետորական հարց հնչեցրեց նա:
Մանրամասներ ներկայացնելով սեփական հաշվեհամարներին եղած գումարների վերաբերյալ՝ Վարդան Օսկանյանը նշեց, որ հայաստանյան իշխանությունները ծանր չեն տանում արտագաղթը, օրեցօր խորացող աղքատությունը, մեր թուլացող դիրքերը միջազգային կառույցներում, այլ միայն ծանր են տանում իրենց հասցեին եղած քննադատությունները՝ փորձելով լռեցնել դրանք:
«Հայաստանը պատրաստվում է նախագահական ընտրությունների, և սա փորձ է՝ կոշտ ընդդիմություն ցույց տալու ԲՀԿ-ին: Հայաստանը կանգնած է լուրջ եզրագծի վրա: Բայց մեր երկիրը նման բռնապետություն լինելու աշխարհաքաղաքական որևէ ռեսուրս չունի: Եթե երկրի ներսում իշխանության լիակատար մոնոպալիա է, ճնշումներ, ապա Հայաստանն իսկապես աղետալի վիճակում է»,- ամփոփեց նա:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































