Եգիպտոսում բժիշկները համընդհանուր գործադուլ են անում, որին մասնակցում է 35 հազար մարդ՝ առողջապահության նախարարությանը ենթակա 539 հիվանդանոցներից:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բժշկական անձնակազմի 80 տոկոսն այսօր դուրս չի եկել աշխատանքի: Գործադուլին չեն մասնակցել վերակենդանացման և շտապօգնության բաժանմունքի, ինչպես նաև մասնավոր հիվանդանոցների աշխատակիցները:
Ցուցարարները պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը և բարելավել աշխատանքի պայմանները: Բացի այդ, բժիշկները իշխանություններից պահանջում են բարձրացնել հիվանդանոցների անվտանգությունը, որոնք խոցելի են դարձել 2011թ. հեղափոխական իրադարձություններից հետո:
Բժիշկների արհմիության ղեկավար Խայրի Աբդել Դայեմը հայտնել է, որ անցյալ շաբաթ իրենց ներկայացուցիչները հանդիպել են Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի հետ, սակայն այդպես էլ չեն կարողացել ընդհանուր համաձայնության գալ բժիշկների աշխատանքային պայմանների բարելավման հարցի շուրջ:









































